Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին մեղադրանք ներկայացվեց


«Հայկական ժամանակ» թերթի լրագրողը Անի Գեւորգյանը ազատ արձակվելուց րոպեներ անց
«Հայկական ժամանակ» թերթի լրագրողը Անի Գեւորգյանը ազատ արձակվելուց րոպեներ անց
«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանը եւ նրա եղբայրը՝ Սարգիս Գեւորգյանը, հինգշաբթի օրը ժամը 18-ի սահմաններում ազատ արձակվեցին կալանավայրից։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց լրագրողի պաշտպան Լուսինե Սահակյանը, Անի եւ Սարգիս Գեւորգյանների համար որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությունը։

Անի Գեւորգյանը իր ձերբակալությունից քիչ առաջ, 31-ը մայիսի, 2010թ
Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել են երկուշաբթի ուշ երեկոյան Ազատության հրապարակի շրջակայքից, երբ ոստիկանությունը մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների արգելում էր մտնել հրապարակ։

Ավելի ուշ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

«Անի Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի առաջին մասով (ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք են առաջադրել 258 հոդվածի երրորդ մասով` խուլիգանություն», - պարզաբանեց փաստաբանը:

Ազատ արձակվելուց անմիջապես հետո Անի Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես դա ապօրինի մեղադրանք եմ համարում, որեւէ հանցագործություն ես չեմ արել, որը քրեորոն պատժելի էր, ինչի համար ինձ կարելի էր ազատազրկել: Ոստիկանները ակցիայի ամբողջ ընթացում իմ դեմ բազմաթիվ բռնություններ են գործադրել: Թե' ոտքով են հարվածել, թե' ձեռքով են հարվածել, ես ընկել եմ, ոտքերիս վրայով սկսել են քայլել դեպի Սարգիսը, Սարգիսին են բռնության ենթարկել, հարվածներ են հասցրել»:

Անի Գեւորգյանը ասաց, որ պատրաստ է անգամ այսօրվանից վերսկսել իր գործունեությունը. նա անգամ անազատության մեջ շարունակել է հոդվածներ գրել:

Իսկ Սարգիսը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հենց այսօրվանից կամ վաղվանից մասնակցելու եմ բոլոր ակցիաներին: Կոնկրետ իմ գործողությունները ոչնչով չեն տարբերվելու նախկինից»:

Ինչ վերաբերում է Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, ապա, փաստաբան Լուսինե Սահակյանի պնդմամբ, դատարանը դա արել է օրենքի խախտմամբ եւ որոշում է կայացրել սահմանված ժամկետից երեքեւկես ժամ ուշացումով:

«Հատուկ քննչական ծառայությունը կալանավորման որեւէ հիմք չէր ներկայացրել, այսինքն` չէր ներկայացրել ոչ մի ապացույց կամ հիմք, որը կարող էր որպես հիմնավոր կասկած ծառայել նրան, որ Դավիթ Քիրամիջյանը կատարել է որեւէ հանցավոր արարք, նաեւ որեւէ հիմք չէր ներկայացրել, որպեսզի նրա նկատմամբ կալանքը ընտրվի որպես խափանման միջոց», - ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանի համոզմամբ` «նման պայմաններում դատարանը ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց»:

Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի առաջին կետով` «խուլիգանություն, որը կատարել են մի խումբ անձինք», մինչդեռ Քիրամիջյանը միակ կալանավորվածն է այս քրեական գործով:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, խուլիգանության կասկածանքով ձերբակալված երկու անձանց` Վարազդատ Թադեւոսյանին եւ Ռուբեն Այվազյանին արգելանքից ազատելու որոշում է կայացվել, եւ նրանց նկատմամբ, ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստի, մեղադրանք չի առաջադրվել:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես նաեւ հայաստանյան լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Անի Գեւորգյանի ձերբակալության կապակցությամբ։
XS
SM
MD
LG