Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծին


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն չի տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծին:

Ինչպես տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից, կողմ են քվեարկել «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը եւ Դաշնակցությունից Վահան Հովհաննիսյանը, ձեռնպահ` դաշնակցական Արմեն Ռուստամյանը, դեմ` հանձնաժողովի 5 անդամներ` իշխող կոալիցիայի ներկայացուցիչները եւ մեկ անկախ պատգամավոր:

Ներկայացնելով օրինագիծը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, ասել է. - «ԼՂՀ-ի եւ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ վերջին շրջանում արվող հայտարարություններն ու միջազգային կառույցներում ընդունվող բանաձեւերը եւ զեկույցները միգուցե չլինեին, եթե ժամանակին օրինագծի քննարկումը ոչ թե հետաձգեինք կամ հապաղեինք, այլ առնվազն ընդգրկեինք Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում»:

«Եթե մենք կարող ենք հակահայկական բնույթի հայ - թուրքական արձանագրությունները ներառել ու պահել Ազգային ժողովի օրակարգում, ապա անհասկանալի է, թե ինչու ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չենք ներառում: Դա անելը ոչ միայն պատվաբեր ու պետականաշահ է, այլեւ` քաղաքականապես նպատակահարմար», - ընդգծել է Սաֆարյանը:

«Ժառանգություն» խմբակցությունը վաղը կայանալիք իր հերթական նիստում կքննարկի օրինագծի քննարկումն արտահերթ ճանաչելու հարցը: Որոշում ընդունելու դեպքում այն կներկայացվի Ազգային ժողովի նախագահին` աշնանային նստաշրջանի քառօրյա նիստերից մեկի ընթացքում խորհրդարանի կանոնակարգի համաձայն արտահերթ ընթացակարգով քննարկման դնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG