Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը խոստանում է բացահայտել «ոստիկանության կատարած հանցագործությունները»


Լեւոն Զուրաբյան, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող
Լեւոն Զուրաբյան, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ամեն ինչ անելու է երկուշաբթի օրը ձերբակալված լրագրողին եւ ընդդիմադիր ակտիվիստներին աջակցություն ցույց տալու համար։

Երկուշաբթի ուշ երեկոյան ձերբակալվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Անի Գեւորգյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի կասկածանքով, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության կասկածանքով: Նրանք մեկ տասնյակից ավելի քաղաքացիների հետ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Ազատության հրապարակի շրջակայքից, երբ ոստիկանությունը ընդդիմադիր ակտիվիստներին արգելում էր մտնել հրապարակ: Մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

«Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը եւս 3 հոգով ավելացավ՝ 14-ից հասնելով 17-ի», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, իշխանությունները պատրաստ են բավականին լուրջ գին վճարել, միայն թե Ազատության հրապարակը զերծ մնա քաղաքական ակտիվությունից կամ ընդդիմադիրներից։ - «Մենք տեսնում ենք, որ իշխանությունները պատրաստ են սեփական վարկաբեկմանը գնալ, թուլացնել Հայաստանի դիրքերը [ԵԽԽՎ] Մոնիտորինգային հանձնաժողովի գալիք նիստից առաջ», - ասաց Զուրաբյանը։

Երկուշաբթի օրը տեղի ունեցածի առնչությամբ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասված է, որ նույն օրը ժամը 18.00-ին «անհայտ անձինք, խախտելով հասարակական կարգը», փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ, այնուհետեւ դիմադրություն են ցույց տվել «հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին», հայհոյել եւ վնասվածքներ պատճառել մի շարք ոստիկանների։

Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի համակարգողի գնահատմամբ՝ «ոստիկանությունը արդեն վերածվել է հանցագործների մի բանդայի, որը իրականում ոչ թե կատարում է հասարակական կարգի պահպանման խնդիր, այլ դարձել է օլիգարխական ռեժիմի թիկնազորի մի տեսակ»։

Լեւոն Զուրաբյանի խոսքով, Հայ ազգային կոնգրեսը ամեն ինչ անելու է բոլոր ձերբակալվածներին բարոյական, քաղաքական եւ իրավական աջակցություն ցույց տալու համար, բացահայտելու են ոստիկանության կատարված հանցագործությունները, դրանք ներկայացվելու են միջազգային տարբեր կառույցներին, այդ թվում Եվրոպայի խորհրդին՝ պահանջելով կոնկրետ դիրքորոշում արտահայտել Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող ոտնձգությունների առնչությամբ։

Զուրաբյանը նաեւ խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին`, ով «երեկվա իր հայտարարությամբ ուղղակի օրհնեց կատարվող բռնություններ»:

Օմբուդսմենը, հիշեցնենք, հայտարարության մեջ հորդորել էր քաղաքացիներին «զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից», միեւնույն ժամանակ` կոչ էր արել ոստիկանության մարմիններին «հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության պահպանման պարտավորությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները»:

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած ձերբակալություններին` Արմեն Հարությունյանը ասաց, թե իր համար դեռեւս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ «կողմերը [ոստիկանությունն ու ընդդիմությունը] իրարամերժ տեղեկություններ են տալիս»:

Նա ասաց, որ պատրաստվում է անձամբ գնալ Ազատության հրապարակ եւ տեղում տեսնել, թե ինչ է կատարվում:

«Փաստորեն լրագրողին մեղադրանք է առաջադրվել ոչ թե երեկվա իրավիճակի հետ կապված, այլ` նախորդ օրվա: Մենք այնտեղ չենք եղել: Մեզ որեւէ մեկը չէր ասել... Մենք բացարձակ հավատալու կամ չհավատալու որեւէ կողմին հիմքեր չունենք: Եվ մենք հասկանում ենք, որ եթե մեր դիրքորոշումը մեկի հետ չի համընկնում, մենք անմիջապես դառնում ենք սրիկաներ եւ ավազակներ: Ոորվհետեւ ամեն մի կողմը համարում է, որ մեր մոտեցումը ամբողջությամբ պիտի համընկնի իրենց մոտեցմանը», - ասաց նա:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի բնորոշմամբ, մինչդեռ, Ազատության հրապարակում կատարվածը «խտացված ագրեսիա» էր. - «Կարծում եմ, որ իշխանության ամենավերին օղակներից է հանձնարարվել ոստիկանությանը նման քայլի դիմել: Նրանք միշտ էլ բախվել են ընդդիմության հետ, բայց երբեք չի եղել այն չարությունը, որ արձանագրվեց երեկ»:

Հարությունյանի կարծիքով, դրա պատճառը հետեւյալն է. - «Ինչ-որ մի «խելոք» ամենավերին օղակներներում մտածում է, որ Օպերայի հրապարակում քաղաքական լոզունգը ինքնին արդեն իշխանափոխություն է: Նրանք սարսափում են իրենց դիրքի կորստից, նրանք սարսափում են իրենց թուլությունից: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանություններին»:

Անի Գեւորգյանին ձերբակալելու փաստը խստորեն դատապարտեց նաեւ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը. - «Եթե մենք նորմալ երկրում լինեինք, ապա քրեական գործ կհարուցվեր հենց ոստիկանների դեմ, որոնք խոչընդոտել են լրագրողի աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG