Մատչելիության հղումներ

Համերգով Երեւանում է Բորոդինի անվան լարային քառյակը


65 տարի գործող Բորոդինի անվան քառյակը 6 տարի առաջ հանդես է եկել Երեւանում: Մայիսի 26-ի համերգը Հայաստան այցելելու երկրորդ առիթն է, բայց երաժիշտները խոստանում են, որ իրենց առաջիկա համերգներին այլեւս տարիներ սպասելու կարիք չի լինի:

Բորոդինի անվան քառյակը ստեղծվել է 1945-ին Մոսկվայի կոնսերվատորիայի 4 ուսանողների նախաձեռնությամբ: Քառյակի առաջին ուսուցիչներից է եղել ազգությամբ հայ Միքայել Տերյանը, քառյակում այսօր հանդես են գալիս ալտահար Իգոր Նայդինը, հայազգի ջութակահար Արմեն Ահարոնյանը, ջութակահար Անդրեյ Աբրամենկովը եւ թավջութակահար Վլադիմիր Բալշինը:

«Երաժիշտները քառյակում փոխվել են, փոխվում են ու փոխվելու են միշտ, սակայն մեր խնդիրը, նպատակն ու կարելի է ասել կարգախոսն այն է, որ քառյակը շարունակի իր գործունեությունը` անկախ սերնդափոխությունից», - ասաց Իգոր Նայդինը:

Երեւանյան համերգը Բորոդինի անվան քառյակը կսկսի խմբի այցեքարտը համարվող Բորոդինի «Նոկտյուրն»-ով, որը նրանք դասում են իրենց սիրելի ու հաճախ կատարվող աստեղծագործությունների թվին: Երեւանյան համերգում նրանք կկատարեն նաեւ Շոստակովիչ եւ Չայկովսկի:

Բորոդինի անվան լարային քառյակի համերգը իրականանում է «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Բորոդինի անվան քառյակին հանձնեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

XS
SM
MD
LG