Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանի մայրը դիմում է Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին


Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շաղոյանը օգնության խնդրանքով բաց նամակ է հղել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին:

«Մերձդնեստրի իշխանությունների կողմից Էռնեստ Վարդանյանի ձերբակալությունը կատարվել է շինծու մեղադրանքով: Էռնեստ Վարդանյանը, լինելով անկախ լրագրող, չէր կարող տիրապետել ռազմական, պետական եւ օրենքով պահպանվող գաղտնիքի, նա չէր աշխատում պետական կառույցում», - ընդգծում է Թամարա Շաղոյանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահներին, Գերմանիայի կանցլերին, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Կանադայի վարչապետներին հղած բաց նամակում` ներկայացնելով որդու գործի հետ կապված մանրամասները եւ զարգացումները:

«Վերջին հույսով եւ հավատով` դիմում եմ Ձեզ օգնության խնդրանքով: Խնդրում եմ Ձեզ` աշխարհի առաջատար տերությունների ղեկավարներին, գործուն միջոցներ ձեռնարկել որդուս նկատմամբ արդարությունը վերականգնելու եւ նրան անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ», - գրում է հայազգի լրագրողի մայրը:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG