Մատչելիության հղումներ

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակ` Թբիլիսիում


Թբիլիսիում բացվել է Վրաստանում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչության գրասենյակը:

Ինչպես տեղեկացնում են Դաշնակցության մամլո դիվանից, գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` Վրաստանի ինտեգրման նախարարության, Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանության, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդարանի, հայկական եւ այլ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Վրաստանի մասնաճյուղի նորաստեղծ գրասենյակի տնօրենի պարտականությունները ստանձնել է Գեւորգ Հարությունյանը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը կարեւորել է մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները նաեւ դեպի Եվրոպա ձգտող Վրաստանում: «Վրաստանը մաս է կազմում Եվրամիության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերի, այդ առումով մեզ նման կազմակերպությունների համար հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի կարողանանք օգնել այս պետությանը` լուծելու բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ համապատասխանել եվրոպական չափանիշներին», - ասել է Չոբոյանը:

Առաջիկա անելիքներից Վրաստանի Հայ դատի գրասենյակի տնօրենը կարեւորել է վիրահայերի խնդիրների ուսումնասիրությունը:

«Մենք ուսումնասիրելու ենք Ջավախքի հայության վիճակը եւ վրացական պետական ծրագրերը, թե ինչ են անելու Ջավախքի տարածքում: Բայց Ջավախքով չենք սահմանափակվելու, կտեսնենք կացությունը, ինչից հետո արդեն կխոսենք լուրջ կետերից ու կողմնորոշումներից», - ասել է, մասնավորապես, Գեւորգ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG