Մատչելիության հղումներ

«Բրիտանական նոր կառավարությունը ավելի ազնիվ կգտնվի Հայոց ցեղասպանության հարցում»


Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ փոխվարչապետ Նիք Քլեգը, 12-ը մայիսի, 2010թ.
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ փոխվարչապետ Նիք Քլեգը, 12-ը մայիսի, 2010թ.
Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ավելի ազնիվ կգտնվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերում: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, ով անցած հոկտեմբերին հրատարակված «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» ուսումնասիրության հեղինակն է:

Լոնդոնում գործող` մարդու իրավունքներով զբաղվող անկախ կազմակերպության նախագահ ավստրալացի իրավաբանն ապացուցել է, որ Հայերի ցեղասպանությունն անժխտելի փաստ է, իսկ Բրիտանիայի մերժողական քաղաքականությունը իրականում հիմքեր չունի: Ավելին, արտգործնախարարությունը երկար տարիներ թյուրիմացության մեջ է գցել երկրի ղեկավարներին:

«Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ, ու ես հստակ գնահատական եմ տվել 1915 թվականի դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձեւին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այս փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել», - ասաց Ռոբերթսոնը: - «Կարծում եմ` քաղաքական գործիչները հակված են լսել խորհրդականներին, արտգործնախարարության մասնագետներին, ովքեր կարծում են, թե Թուրքիային դուր չի գա, որ Բրիտանիան ճանաչի ցեղասպանությունը: Բայց որքան ավելի շատ միջազգային իրավաբաններ ապացուցեն, որ իրավաբանորեն դա ցեղասպանություն էր, այնքան քաղաքական ղեկավարները ավելի քիչ կընդդիմանան ցեղասպանության ընդունմանը»:

Ըստ իրավաբանի, Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ հերքել է հայերի ցեղասպանության փաստը` բերելով մի քանի անհիմն պատճառաբանություն, թե չկան անհերքելի փաստեր, որոշ պատմաբաններ չեն հաստատում եղելությունը եւ այլն: Ավելին` արտգործնախարարությունը առանց լուրջ ուսումնասիրությունների ղեկավարներին, խորհրդարանականներին բազմիցս խորհուրդ է տվել չընդունել ցեղասպանությունը, նույնիսկ չմասնակցել ցեղասպանության հիշատակման միջոցառումներին:

Սակայն Ռոբերթսոնը շեշտեց, որ իր իրավաբանական կարծիքի հրապարակումից հետո հասարակական քննարկումների արդյունքում փոփոխվել է նաեւ արտգործնախարարության մոտեցումը. այլեւս հարցականի տակ չի դրվում փաստը, պարզապես խուսափում են այն ցեղասպանություն կոչել` ասելով, թե հասկացությունը ձեւակերպվել է հայերի ջարդից շատ ավելի ուշ:

Ջեֆրի Ռոբերթսոնը լավատեսորեն է տրամադրված նոր կառավարության նկատմամբ. - «Պիտի նշեմ, որ պահպանողականների եւ հատկապես լիբերալ-դեմոկրատների կողմից դրական վերաբերմունք ու աջակցություն կա: Լիբերալ-դեմոկրատների քայլերը հարգանքի են արժանի շնորհիվ լորդ Էյվբուրիի, ով երկար տարիներ ղեկավարել ցեղասպանության ճանաչման խորհրդարանական նախաձեռնությունը: Բարոնուհի Քոկսը պահպանողական է, նա էլ միշտ աջակցել է ճանաչմանը գործընթացին: Կարծում եմ, նոր իշխանության օրոք արտաքին գործերի նախարարությունն ավելի շատ բացատրություններ կտա, քանի որ պահպանողականները կարեւորում են էթիկան արտաքին հարաբերություններում: Իհարկե, իշխանությունը չի ցանկանա շատ վշտացնել Թուրքիային, բայց հաջորդ անգամ, երբ բարձրացվի ցեղասպանության հարցը, կարծում եմ, որ ավելի ազնիվ պատասխաններ կստանանք»:

Ռոբերթսոնն այս իրավական տեսակետը գրել է Լոնդոնում գործող հայկական կենտրոնի խնդրանքով, սակայն շեշտում է, որ ինքն անկախ իրավաբան է եւ որեւէ կողմնակալ մոտեցում չի եղել: Նա վաղուց է հետաքրքրված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասներով, քանի որ այն կարեւոր դեր է խաղացել ցեղասպանություն հասկացությունը սահմանելիս:

«Այն մշտապես կարեւոր տեղ է զբաղեցրել ցեղասպանության ուսումնասիրություններում. այդ տերմինն ու հասկացությունը սահմանողը` Ռաֆայել Լեմկինը, կարելի է ասել, ոգեշնչված է եղել Սողոմոն Թեյլերյանի դատական գործով, ով սպանել էր Թալեաթ փաշային: Այս դեպքը Լեմկինին հուշեց, որ ոճիրը պետք է ժամանակին դատապարտել եւ թույլ չտալ, որ չճանաչված ոճիրի համար նման կերպ վրեժ լուծվի: Այնպես որ, հայկական ցեղասպանությունը մեծ ազդեցություն է ունեցել Լեմկինի վրա», - նշեց իրավաբանը:

Միջազգային ատյաններում դատավորի երկար տարիների փորձ ունեցող մասնագետը խնդրի վերջնական լուծումը տեսնում է միջազգային իրավունքի համատեքստում. - «Այս մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնել եմ. ՄԱԿ-ը` Հայաստանի ու Թուրքիայի համաձայնությամբ, կարող է միջազգային հանձնաժողով գումարել. ոչ թե պատմաբանների, այլ միջազգային դատավորների հանձնախումբ, որը վերջնական լուծում կտա խնդրին` հիմնվելով պատմական փաստերի ու ապացույցների վրա, այդ թվում` գերմանացի դիվանագետների ու զինվորականների փաստաթղթերի: Գերմանացիները թուրքերի դաշնակիցներն են եղել, հետեւաբար` նրանց վկայությունները արժանահավատ ու օբյեկտիվ են»:

Ջեֆրի Ռոբերթսոնի խոսքով, ի տարբերություն հրեաների` հայերին չեն կենտրոնացրել ճամբարներում, այլ աքսորի ու տեղահանման ձեւով են իրականացրել ջարդը: Եվ սա ավելի հավանական սցենար է ցեղասպանությունների համար այսօր:

Հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ավելի քան կարեւոր է` դրա կրկնությունը կանխելու համար, - համոզված է իրավաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG