Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը մերժելու համար


Մեծ Բրիտանիան մեղադրվել է Հայոց ցեղասպանությունը մերժելու համար, երբ երկրի արտգործնախարարությունը գաղտնազերծել է մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են` երկրի կառավարությունը հրաժարվել է ճանաչել 1915-ի հայկական ջարդերը, որոնց մոտ մեկ միլիոն մարդ է զոհ գնացել, իբրեւ ցեղասպանություն, գրում է Guardian պարբերականը:<brԼՐԱՑՎԱԾ

«Փաստաթղթերը, որ վերջին 15 տարվա թվագրումն ունեն, վկայում են, որ «թուրք - անգլիական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի այդպիսի մի խնդրի պատճառով դրվեն վտանգի տակ», - փոխանցում է բրիտանական պարբերականը` գաղտնազերծված փաստաթղթերից մեջբերելով բրիտանական պետության բացատրությունը. - «Որովհետեւ Թուրքիան ջղային եւ մերժողական մոտեցում ունի ցեղասպանության հարցի վերաբերյալ»:

Մեծ Բրիտանիան համարվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ջատագովներից մեկը:

Guardian-ի հոդվածագրի բնորոշմամբ` «ցեղասպանությունը մերժելու բրիտանական այդ տեսակետը, հետադարձ հայացք գցելով լեյբորիստների կառավարությանը, «ցինիկ» է որակել Ջեֆրի Ռոբերթսոնը, ով եղել է թագուհու խորհրդականը, ով նաեւ առաջինն է նախագահել Սիերա Լեոնեի հարցով ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների դատարանը»:

Բրիտանահայերը Ռոբերթսոնին են լիազորել ուսումնասիրել արտգործնախարարության գրառումները, որոնք մեծամասամբ ստացվել են Լրատվության ազատության հարցման կենտրոնի կողմից` արդեն խմբագրված տարբերակով: Սակայն արդյունքները Ջեֆրի Ռոբերթսոնը, այնուամենայնիվ, հրապարակել է: Այնտեղ ասվում է. - «Բրիտանիայի խորհրդարանը սովորաբար սխալ տեղեկատվություն է ստացել իր նախարարներից, որոնք կարճ ամփոփագրեր են ներկայացրել օրենսդիրներին` առանց կասկածի տակ առնելու դրանց ճշմարտացիությունը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում նախարարների համար կազմակերպված ճեպազրույցներից մեկում ընդունվել է, որ բրիտանական կառավարությունը, հարցի բարոյական տեսանկյունը հաշվի առնելով, բաց է քննադատության համար, բայց եւ այնպես, Թուրքիայի հետ քաղաքական, ռազմավարական եւ առեւտրային հարաբերությունների կարեւորությունը հաշվի առնելով, շարունակում է ավելի վաղ որդեգրած քաղաքական գիծը միակ իրագործելի տարբերակը համարել: Ճեպազրույցը 1999-ին է տեղի ունեցել, այնտեղ նշվել է. - «Ցեղասպանության ճանաչումը Մեծ Բրիտանիայի համար գործնական օգուտ չէր ապահովի: Պահպանված է նաեւ 1995-ին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Դագլաս Հոգին ուղղված մի նամակ, որտեղ նրան խորհուրդ է տրվում խուսափել ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին ներկա գտնվելուց»:

Ռոբերթսոնը իր զեկույցում եզրակացրել է. - «Կասկած չկա` 1915-ին օսմանյան կառավարությունն է հրահանգել, որ տեղահանված 2 միլիոն հայերը ճանապարհին մահանան հիվանդություններից, սովից եւ հարձակումներից»:

Բրիտանական կառավարությունը, ըստ Ռոբերթսոնի, նաեւ հրաժարվել է ընդգրկել Հայոց ցեղասպանությունը` իբրեւ Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվա մի մաս:

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Լիզ Ֆուլլերը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ինքն էլ կարծում է, որ Բրիտանիայի համար այդքան կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերություններ չփչացնելը, ինչպես բրիտանական արխիվներն ուսումնասիրած Ջեֆրի Ռոբերթսոնն է վկայում իր զեկույցում, ասաց. - «Իմ կարծիքով, չկա որեւէ կարեւոր քաղաքական շահ, որը կդրդի բրիտանական կառավարությանը Թուրքիայի համար գնալ այդպիսի զիջումների»։

Ֆուլլերի կարծիքով, վերջին բացահայտումները Բրիտանիայում մեծ սկանդալի առիթ չեն դառնա նաեւ այն պարզ պատճառով, որ Բրիտանիայում «քչերն են հետաքրքրված»։

Չնայած, նրա գնահատմամբ, Ռոբերթսոնի զեկույցը «շատ լավ ուսումնասիրված է, շատ հստակ ձեւակերպված». - «Այն Ցեղասպանության մասին նաեւ պատմության իմացություն է պարունակում, վկայակոչվում են կոնկրետ աղբյուրներ»։

Ֆուլլերի խոսքերով, բացարձակապես կասկած չկա մեկ հարցում` հեղինակը, իբրեւ թագուհու օգնական, իբրեւ միջազգային օրենսդրության մասնագետ, նաեւ` Ցեղասպանության իրավական ու միջազգային հայեցակարգերը խորությամբ ուսումնասիրած մարդ, «վստահություն է ներշնչում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG