Մատչելիության հղումներ

Համանախագահները քննարկումները կշարունակեն Մոսկվայում` ամբողջ կազմով


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկումները կշարունակեն վաղը Մոսկվայում` ամբողջ կազմով: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը եւ նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովը Ադրբեջան են ժամանել երեկ եւ հանդիպել են երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ: Լրագրողների հետ զրույցում միջնորդները դրական եւ կառուցողական գնահատել բանակցությունները Բաքվում:

«Ինչպես միշտ, ես տեսա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման` նախագահ Իլհամ Ալիեւի ձգտումը: Մենք պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ նույնպես մեծ նշանակություն ենք տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Բրադկեն:

Նրա խոսքերով` լրամշակված Մադրիդյան սկզբունքներում կան որոշ կետեր, որոնց շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, եւ համանախագահները կշարունակեն աշխատել դրա վրա:

Պոպովը, իր հերթին, հայտարարել է, թե «համանախագահի փոփոխությամբ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում չի փոխվելու, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը որոշում է ոչ թե համանախագահը, այլ երկրի նախագահը»:

Նորանշանակ համանախագահը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG