Մատչելիության հղումներ

Ամերիկացի աշակերտների համար Հայաստանը Ադրբեջանից ավելի ազատ երկիր է


«Դոթքոմ» նախագծի շրջանակներում մի խումբ ամերիկացի պատանիներ իրենց կովկասյան այցի շրջանակներում ժամանել են նաեւ Երեւան ու Ադրբեջանում լինելուց հետո Հայաստանն ավելի ազատ երկիր են համարում:

Մոտ 20 ամիս առաջ մեկնարկած «Դոթքոմ» նախագիծը միավորել է ԱՄՆ-ի եւ Կովկասի շուրջ 90 պատանիների, ովքեր հնարավորություն ստացան ձեռք բերել կամ խորացնել գիտելիքները ինտերնետում ու նաեւ կապ հաստատել միմյանց հետ: Ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ պայմաններն էին` անգլերենի լավ իմացությունը, 14-16 տարեկան լինելը ու տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը:

«2008 թվականի վերջին, երբ ծրագիրը նոր էր սկսվում, շատերը չէին պատկերացնում դրա բուն նպատակներն ու ընթացքը», - պատմեց «Դոթքոմ» ծրագրի ղեկավար Աստղիկ Զաքարյանը: - «Երեխաները սկզբում միայն էլեկտրոնային փոստերից էին օգտվում, իսկ հիմա արդեն շատ բաներից են տեղյակ»:

Մրցույթի ընթացքում ընտրվեցին 30 հայ եւ ադրբեջանցի աշակերտներ, ովքեր պետք է դառնային ծրագրի մասնակից, հետեւեին օնլայն դասընթացներին ու ստեղծեին իրենց բլոգը: Ծրագրի ընթացքում հայ աշակերտներից շատերն առաջին անգամ էլեկտրոնային փոստի հասցե ունեցան, գրանցվեցին համաշխարհային սոցցանցերում ու աստիճանաբար սովորեցին օգտագործել ինտերնետային ռեսուրսներն ու գործիքները տեղեկատվություն ստանալու եւ տարածելու համար, այն դեպքում երբ իրենց ամերիկացի հասակակիցների համար այդ ամենը սովորական ու վաղուց ծանոթ մի բան էր:

Ավելի ուշ 30 մասնակիցներից 10-ը մեկնեցին ԱՄՆ արդեն իրականում հանդիպելու իրենց ամերիկացի «գործընկերներին»: Իսկ այս օրերին ամերիկացի աշակերտներն են գտնվում Երեւանում, ու ժամանել են Բաքվում լինելուց հետո: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը կիսեցին տպավորություններն ու համեմատություններ կատարեցին:

«Հայաստան եւ Ադրբեջան այցելության ընթացքում ամենահետաքրքիր բանը պատմության մեկնաբանությունն ու հակադրումն էր: Ադրբեջանական եւ հայկական մշակույթների միջեւ շատ ընդհանրություններ եւ հակասություններ կան, եւ դա շատ հետաքրքիր է: Այս երկրները քույրերի պես են, բայց կոնֆլիկտը նրանց միջեւ բավականին խորն ու խճճված է», - ասաց ամերիկացի պատանիներից մեկը: Իսկ նրա ընկերն ավելացրեց. - «Հայաստանում խոսքի ազատությունն ավելի շատ է: Ադրբեջանում ամեն ինչ ավելի սահմանափակ է, օրինակ` դատապարտված երկու բլոգերները»:

«Դոթքոմ»-ի մասնակիցների հաջորդ հանդիպումը կկայանա շուտով Վրաստանում։

XS
SM
MD
LG