Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների մեջ գերակշռում են արական սեռի ներակայացուցիչները` կազմելով վարակվածների թվի 73%-ը: 17 երեխա Հայաստանում նույնպես տառապում է իմունային անբավարարության վիրուսով: - «Նրանցից 15-ը այս հիվանդությունը ժառանգել են մորից, եւ պատճառը ծնողի անտեղյալությունն է», - ասում է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: - «Դա վարակի համաճարակաբանական առանձնահատկություններից է, որ վարակվածը երկարատեւ գաղտնի շրջանում գրեթե ախտաշաններ չի ունենում եւ բժշկի դիմելու պատճառ չունի»:
Բժիշկներն ասում են, որ «ՄԻԱՎ-ը ոչինչ չգիտի ռիսկային խմբերի մասին» եւ կարող է վարակել ցանկացած մասնագիտության, սեռի եւ տարիքի մարդկանց: Ու թեեւ վերջին տարիներին հիվանդությունը հաճախ է հայտնաբերվում մեծահասակների շրջանում,այնուամենայնիվ, «20-րդ դարի ժանտախտի» խոցելի խումբը մնում է երիտասարդությունը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը հուշում է, որ ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ դառնալու կանխարգելման միակ միջոցը ժամանակին բուժհետազոտություն անցնելն է, հատկապես երբ նույնիսկ չնչին հավանականություն կա, որ խախտվել են ՄԻԱՎ-ից խուսափելու կանոնները: Սամվել Գրիգորյանի փոխանցմամբ`Հայաստան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաճախ թափանցում է արտերկրից վերադարձող ամուսինների հետ:
Ի դեպ, ՄԻԱՎ/ՁԻԱհ-ով հիվանդների համար կարեւոր է ոչ միայն ֆիզիկական բուժումը, այլեւ հոգեբանականը: Հայաստանում հիվանդների հանդեպ հանդուրժողականության խնդիր կա: Հաճախ հասարակությունը երես է թեքում վարակված մարդուց` դատապարտելով նրան:
Հայաստանում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ բուժումը անվճար է: Անհրաժեշտ դեղորայքն ու սարքավորումները տրամադրվում են ՄԻԱՎ-ի դեպ պայքարող համաշխարհային կազմակերպությունների կողմից, անմասն չի մնում նաեւ պետությունը: Պայքարի ամենակարեւոր միջոցները, սակայն, մինչեւ այժմ մնում են առողջ ապրելակերպն ու տեղեկացված լինելը: