Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում սպանվել է հայկական ընտանիքի արդեն երրորդ անդամը


Լոս Անջելեսում անցած շաբաթավերջին սպանվել է 38-ամյա Կարինե Հակոբյանը, ում ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 9-ամյա Լուսինեն սպանվել էին ավելի քան մեկ տարի առաջ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը Կարինե Հակոբյանի 14-ամյա դուստրը մոր մարմինը` գլխի ետեւի մասում հրազենային վերքով, հայտնաբերել է նրա ավտոմեքենայի մոտ: Նույն դուստրը 2008 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնաբերել էր նաեւ սպանված հոր եւ քրոջ մարմինները:

Ոստիկանությունը ընտանիքի երեք անդամների սպանությունների միջեւ կապ է տեսնում, թեեւ դա հաստատող ապացույցների դեռեւս չի տիրապետում:

Ոստիկանության քննիչ Դան Մայերսը ընդգծել է, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը քրեական աշխարհի հետ առնչություն չի ունեցել:

Խաչիկ եւ Լուսինե Սաֆարյանների սպանությունից հետո ոստիկանությունը 75 հազար դոլար էր խոստացել հանցագործության բացահայտմանը նպաստող տեղեկության համար, սակայն դեռեւս մեծ առաջընթաց այդ գործում չի արձանագրվել:

Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել են Երեւանում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել 2003 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG