Մատչելիության հղումներ

Մերկելն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության հարցը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած դռնփակ բանակցություններում, ի թիվս այլ հարցերի քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Հայոց ցեղասպանության հարցը։ Այդ մասին, ըստ թուրքական աղբյուրների, բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել են Էրդողանն ու Մերկելը։

Ընդգծելով, որ նախօրեին հարցի շուրջ հեռախոսազրույց են ունեցել նաեւ Թուրքիայի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը, վարչապետ էրդողանը ասել է. - «Մեր դիրքորոշումը այս խնդրի շուրջ հստակ է. պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»։

Էրդողանը հիշեցրել է, որ 2005 թվականին ինքը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ հայտարարել է, որ մինչ օրս Անկարան չի ստացել այդ նամակի պատասխանը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լավագույնս զարգանան, եւ ընդգծել է, որ այժմ դրա համար կան հուսադրող նշաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG