Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է իր առարկությունները ԺՀՄԻԳ-ի զեկույցին


Արձագանքելով մարտիմեկյան գործերով դատավարությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) վերջին զեկույցին՝ Արդարադատության նախարարությունն ու Վճռաբեկ դատարանը շուրջ 30 էջանոց առարկություններում եզրակացրել են. - «Զեկույցում առանձին դատավարական բացթողումներ ներկայացված են որպես ընդհանուր օրինաչափություններ»:

«Տեղ գտած առանձին դրույթներ կարող են լինել դիտարկումն իրականացնող անձանց սուբյեկտիվ ընկալման արդյունք, եւ զետեղված գրեթե բոլոր օրինակները չեն պարունակում բավարար տվյալներ` համապատասխան եզրահանգումներ անելու համար», - ասված է նախարարության առարկություններում, որը «սոսկ ենթադրությունների վրա» հիմնված է համարում զեկույցում ամրագրված այն դիտարկումը, թե «դատավորները հիմք են ընդունել վկաների ցուցմունքներ, որոնք ենթադրաբար ստացվել են ճնշումների ներքո»։

Առարկություններ են ներկայացված նաեւ քննության ընթացքում անձանց խոշտանգելու մասին դիտարկումների շուրջ: «Բռնությունների վերաբերյալ հնչեցված բազմաթիվ հայտարարությունները հետապնդել են զանգվածային բռնությունների մասին պատրանք ստեղծելու միտում», - նշում է նախարարությունը՝ արձանագրելով, որ առկա տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է ոչ թե քննության, այլ բերման ենթարկելու ժամանակ առաջացած վնասվածքներին։ Իսկ «դրանք իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերած դիմադրությունը իրավաչափ եղանակներով կանխելու հետեւանք են եւ որեւէ ընդհանրություն չեն ունեցել կտտանքների ու խոշտանգումների այնպիսի եղանակների հետ, որոնց առնչությամբ դատարանում հայտարարություններ են եղել»:

Ինչ վերաբերում է մարտիմեկյան գործերով նախաքննության ընթացքում տեղի ունեցած խախտումների, բոլոր կասկածյալներին անխտիր կալանավորելու, անձի ազատության իրավունքն ու անմեղության կանխվարկածը խախտելու վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների դիտարկումներին՝ առարկություններում անհիմն չի համարված դատարանների այն հետեւությունները, թե քրեորեն արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քննությունը նրանց ազատության մեջ գտնվելու պայմաններում հնարավոր չէր իրականացնել:

«Մեծ էր հավանականությունը, որ նրանք կպայմանավորվեին համախոհների հետ` քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով», - նշված է նախարարության առարկություններում։

Մարտիմեկյան դատավարությունների մասով Վճռաբեկ դատարանը նշել է, թե «դատարանների կողմից մեղադրական թեքում ունենալու, անկողմնակալ վերաբերմունք չդրսեւորելու վերաբերյալ զեկույցի հետեւությունների հետ մեծ հաշվով դժվար է համաձայնել։ Դատարաները գործել են իրենց լիազորությունների շրջանակներում` կայացնելով ե'ւ արդարացնող, ե'ւ մեղադրող դատական ակտեր»։

Իսկ ինչ վերաբերում է մեծ մասամբ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտելու վերաբերյալ՝ միջազգային փորձագետների դիտարկմանը, առարկություններում նշվում է, թե ուսումնասիրված որեւէ գործով որեւէ մեկը չի դատապարտվել բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա, բոլոր գործերով էլ առկա են եղել այլ ապացույցներ։

Նախարարությունը համաձայն չէ նաեւ այն պնդումներին, թե ոչ միշտ է ամբաստանյալներին հնարավորություն տրվել հարցեր տալ իրենց դեմ ցուցմունք տված վկաներին, եւ պաշտպանների կողմից լրացուցիչ վկաներ հրավիրելու ու հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները հիմնականում մերժվել են։

Դատարանի դահլիճում դատական կարգադրիչների մեծաքանակ ներկայության, դատարանների կողմից երբեմն անվայելուչ, անտակտ ու կոպիտ դիտողությունների մասով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումներին ի պատասխան, նախարարությունը նշում է, թե «եզրակացություններ անելիս հեղինակները անհարկի ընդհանրացումներ են արել». - «Ավելի օբյեկտիվ կլիներ գնահատել այն ոչ ստանդարտ, ոչ սովորական իրավիճակները, որոնց պայմաններում աշխատել են դատավորները. մարտիմեկյան գործերի քննությունն ընթացել է դատական նիստերի բնականոն ընթացքը կազմակերպված կերպով խոչընդոտելու միտումով։ Ըստ էության, որոշ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված եւ հետեւողական փորձեր են արվել ներքաշելու դատական համակարգն ու դատավարությունները քաղաքական գործընթացների մեջ, իսկ դատավարությունները վերածելու յուրահատուկ քաղաքական բնույթի հրապարակային միջոցառումների։ Ստեղծված իրավիճակում դատավորներն ու դատական կարգադրիչները կիրառել են դատավարության մասնակիցների անվտանգությունը երաշխավորող գործուն միջոցներ»:

Մարտի 1-ի գործերով դատավարություններին ականատես իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջազգային դիտորդների գնահատականներն ավելի մեղմ են եղել:

«Բոլորի աչքի առաջ է եղել, թե ինչպես են նրանք առեւանգել դատարանի դահլիճից վկաներին: Մեր բոլորի աչքի առաջ են եղել ծեծված վիճակում, խոշտանգված վիճակում առեւանգվածները: Մենք տեսել ենք ինչ ցուցմունքներ եւ ինչ կարգի մեղադրանքներ են եղել դատարաններում: Այդ ամեն ինչը եղել է մեր աչքի առաջ, ու հիմա, ասենք, ամբողջ աշխարհին եւ այդ թվում մեզ հայտարարել կույր եւ տալ իրենց այս ամեն ինչը մերժող, գողականությանը վայել պատասխանը, ծիծաղելի է», - ասաց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG