Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Մարտիմեկյան գործերով դատավարությունները բացահայտում են թերություններ արդարադատության համակարգում»


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչ
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչ

Երեւանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2008 թվականի ապրիլից մինչեւ 2009 թվականի հուլիս մոնիտորինգ է անցկացրել Հայաստանի դատարաններում, դիտարկել հետընտրական գործընթացների հետեւանքով տարբեր մեղադրանքներով դատապարտվող ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունների ընթացքը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնագետները 16 ամսվա ընթացքում հետեւել են 93 դատավարությունների ընթացքին, որոնցում ընդգրկված էին 109 ամբաստանյալներ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված զեկույցի հեղինակները հատկապես ուշադրություն են դարձրել մինչդատական գործընթացների` նախաքննության ընթացքում տեղի ունեցած խախտումների վրա: Մասնավորապես, ինչպես նշում են նրանք, մի շարք դեպքերում խախտվել է անձի ազատության իրավունքը` մարտյան իրադարձություններից հետո կալանավորում էին անխտիր բոլոր կասկածյալներին, խախտվել է անմեղության կանխավարկածը:

Դիտորդների փոխանցմամբ` որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, երբ դեռ չէր ավարտվել քննությունը եւ դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Երբեմն, նշված է զեկույցում, դատավորներն իրենք էին ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը: Դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքը: Զեկույցը նշում է, որ որոշ պնդումների համաձայն, խոշտանգումների եւ ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով: Իրենց բոլոր նկատառումներն ու գնահատականները մոնիտորինգի մասնակից դիտորդները հիմնավորել են կոնկրետ օրինակներով:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված 114-էջանոց զեկույցում բացահայտված թերությունները շտկելու մանրամասն առաջարկներ են արվում:

Հայաստան -- Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դիմում է դատարանին «7–ի գործով» դատական նիստի ժամանակ, Երեւան, 17–ը հունիսի, 2009թ.
«Դատավարությունները ընթացել են բարձր լարվածության պայմաններում, ինչը անչափ բարդացրել է դատարանների աշխատանքը եւ միեւնույն ժամանակ պահանջել նրանցից պրոֆեսիոնալության ամենաբարձր մակարդակ», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչը: - «Հուսով ենք, որ այս զեկույցը կարող է նոր թափ հաղորդել երկրի արդարադատության համակարգը միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ-ի առջեւ պարտավորություններին համապատասխան բարեփոխելու` Հայաստանի իշխանությունների ջանքերին»:

Զեկույցում առաջարկվում է, մասնավորապես, սահմանափակել նախաքննության ընթացքում ձերբակալությունները եւ առաջնորդվել անմեղության կանխավարկածով, միջոցներ ձեռնարկել` ապահովելու դատարանում մեղադրող եւ պաշտպանական կողմերի հավասարությունը, ամբողջական քննություն իրականացնել` կապված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր պնդումների հետ, բացառել ապօրինի միջոցներով ապացույցների ձեռք բերումը:

«ԵԱՀԿ-ն պատրաստակամ է` օժանդակելու իշխանություններին Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումները առաջ մղելու գործում», - հայտարարել է Յանեշ Լենարչիչը եւ հավելել, որ իրենց քաջալերում է զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի իշխանությունների աջակցությունը եւ ներդրումը:

«Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին», - ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենը:

«Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցը, արդյոք արդեն ուշացած չէ՞», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նախ ասաց, ուր իր գնահակատանը խիստ նախնական է, քանի որ զեկույցն ամբողջ մանրամասնությամբ դեռ չեն հասցրել ուսումնասիրել, ապա հավելեց. - «Բայց այս պահին կարող եմ ասել հետեւյալը` զեկույցը մենք համարում ենք ուշացած` քաղաքական պատճառներով»:

Իսկ թե «քաղաքական պատճառներ» ասելով կոնկրետ ինչ նկատի ունի` Զուրաբյանը պարզաբանեց. - «Կարծում եմ, որ այստեղ տեղի են ունեցել Հայաստանի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածություններ: Այլ կերպ բացատրել զեկույցի ձգձգումները եւ հետաձգումները ուղղակի հնարավոր չէ: Ըստ երեւույթին, իշխանություններին ժամանակ են տվել կարեւոր որոշումներ ընդունելու համար` միջազգային հարցերում»:

Այդպես եւ ուշացումով հրապարակվեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո միջազգային այս կառույցի զեկույցը, ասաց Լեւոն Զուրաբյանը, որը, ըստ նրա, «թեեւ ջախջախիչ քննադատություն էր պարունակում, բայց ուշացել էր, եւ հենց այդ պատճառով իր քաղաքական կարեւորագույն գործառույթը չկատարեց»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգողի խոսքերով` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայիս զեկույցի ուշացումը «բերել է նրան, որ իշխանությունները ավելի անպատիժ են իրականացրել հալածանքներ քաղաքական բանտարկյալների նկատմամբ»: «Եվ ես կարծում եմ, որ քաղաքական բանտարկյալների առկայության համար իր բաժինը մեղավորության կրում է ԵԱՀԿ-ն` այս առումով», - ընդգծեց Զուրաբյանը:

Չնայած այս գնահատականներին` նա, այդուամենայնիվ, նշեց, որ զեկույցում մի շարք կարեւոր իրողություններ արձանագրված են, որոնք փաստում եւ վկայում են, որ «ըստ էության` արդարադատություն կիրառված չի եղել քաղբանտարկյալների նկատմամբ»:

«Այս եզրակացությունները հաշվի առնելով` սա նշանակում է, որ քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատվեն, որովհետեւ նրանց նկատմամբ, ըստ էության, ԵԱՀԿ-ն էլ ընդունեց, որ չի կիրառվել պատշաճ արդարադատություն», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG