Մատչելիության հղումներ

Կոալիցիայի ներկայացուցիչները արձագանքում են Ռուստամյանի հայտարարությանը


Կոալիցիայի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, Երեւան, 21-ը մարտի, 2008թ.
Կոալիցիայի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, Երեւան, 21-ը մարտի, 2008թ.
Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանեցին նախկին կոալիցիոն գործընկեր՝ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե կառավարությունը չի առաջնորդվում կոալիցիոն հուշագրով ամրագրված առաջնահերթություններով:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդեց, թե ստանձնած ծրագրերից շեղում չի եղել:

«Օբյեկտիվ պատճառներով, բնականաբար, հետաձգումներ պիտի լինեին», - շարունակեց նա՝ որպես այդպիսին նշելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի հետեւանքով չեն կարողացել լուծել հիմնականում սոցիալական խնդիրները. - «Եթե համաշխարհային ճգնաժամը չլիներ, այսօր մենք բավականին առաջ քայլեր կատարած կլինեինք այդ ոլորտում»:

Կոալիցիոն մեկ այլ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենց չեն բավարարության ստանձնած առաջնահերթությունների կատարման տեմպերը:

Անդրադառնալով շեղումներին՝ Զոհրաբյանը ասաց, թե հատկապես տնտեսական քաղաքականության մեջ առկա որոշ շեղումների մասին իրենց դիրքորոշումն արդեն հրապարակել են:

«Ինչը, ցավոք սրտի, շատ ցավագին եւ տարօրինակ մեկնաբանությունների արժանացավ տարբեր գործիչների կողմից», - հավելեց նա:

Կոալիցիոն երրորդ ուժի՝ «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մինչդեռ, պնդեց, թե «շեղումներ չեն եղել»:

«Ընդհակառակը՝ մենք գնացել ենք այդ ծրագրերի իրականացման ճանապարհով: Եթե որեւէ բան դանդաղ է ստացվում, դա զուտ կախված է տնտեսական ճգնաժամից եւ ֆինանսական վիճակից», - ասաց Բիշարյանը:

Կոալիցիան, հիշեցնենք, առաջնահերթ էր համարում խորհրդարանական ընդդիմության գործունեության հնարավորության ընդլայնումն ու ամրապնդումը: Այն ժամանակ խորհրդարանական ընդդիմություն էր «Ժառանգություն»-ը:

Հարցին, թե արդո՞ք ընդլայնվել է նրանց գործունեության հնարավորությունը, Բիշարյանը պատասխանեց, թե՝ այո, ընդդիմությանն առաջնահերթություն է տրվել. - «Կառավարության հարցուպատասխանին, հայտարարություների ժամանակ առաջնահերթությունը տրվում է ընդդիմադիր քաղաքական ուժերին»:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, համարում է, որ կատարվել են «բացառապես իմիտացիոն գործողություններ», իսկ իրականում ընդդիմության գործունեւության շրջանակը սահմանափակվել է:

«Օրինաց երկիր»-ի՝ կոալիցիա մտնելուց հետո տիկին Ալավերդյանին ԵԱՀԿ-ում հիմնական անդամի կարգավիճակ չտվեցին, Ստյոպա Սաֆարյանը զրկվեց Ֆրանկոֆոնիային մասնակցելու իրավունքից, Զարուհի Փոստանջյանին Եվրախորհրդի մշտական անդամի կարգավիճակից հանեցին», - թվարկեց նա:

Քաղաքական կոալիցիայի մեկ այլ առաջնահերթություն վերաբերում է խոսքի ազատության ամրապնդմանը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակմանն ու իրականացմանը:

Հարցին, թե այս առումով շեղումներ եղե՞լ են Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց, թե խոսքի ազատության հետ կապված «նույնիսկ իմիտացիոն քայլեր չեն կատարվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG