Մատչելիության հղումներ

ՍԴ-ում «Ա1+»-ի հայցի քննությունը հետաձգվեց մինչեւ փետրվարի 23-ը


Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը, կողմերի համաձայնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության հայցի քննությունը հետաձգեց մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 23-ը:

«Մելտեքս» ընկերությունը պահանջում է հակասահմանադրական ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածի առաջին մասը, որը, ըստ հայցվորի, թույլ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից եւ որի հիման վրա Վճռաբեկ դատարանը վերջերս հրաժարվել էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը «Ա1+»-ի վերաբերյալ:

Ինչպես նշեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, դատարանը դեռ 2008 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ այս, ինչպես նաեւ մի շարք այլ նորմեր ճանաչել էր հակասահմանադրական, եւ Ազգային ժողովը նույն տարվա դեկտեմբերին փոփոխություններ էր կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, սակայն մինչ օրս դատարանները, հիմնվելով այս դրույթի վրա, շարունակում են դատավճիռներ կայացնել:

«Հարցին կարելի է երկու ձեւով մոտենալ` զուտ ձեւական, ֆորմալ տեսանկյունից եւ ըստ էության: Դատարանը չի կարող միայն ֆորմալ մոտեցմամբ լուծումներ տալ, պետք է ըստ էության Սահմանադրությունը երաշխավորի», - հայտարարեց Գագիկ Հարությունյանը, փաստորեն մերժելով պատասխանող կողմի` Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանի` հայցը կարճելու պահանջը:

Անցած տարվա հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են «Ա1+»-ի ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ հեռուստահեռարձակման արտոնագրի համար 7 մրցույթները անցկացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներով:

«Եվրոպական դատարանի 2008 թվականի վճիռը անկատար է, թերի կատարված: Վճարվել է միայն փոխհատուցումը, եւ մեր իրավունքների վերականգնման որեւէ գործընթաց չի սկսվել, եւ չի էլ նայվել այդ խնդիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը: - «Այդ կապակցությամբ մենք դիմել էինք Վճռաբեկ դատարան, հայցում էինք, որ 2004 թվականի բոլոր դատական որոշումներ [«Ա1+»-ի գործով] բեկանվեն, քանի որ նրանք արդեն ապօրինի են ճանաչվել: Սակայն այնտեղ մենք ստացանք մերժում, եւ մատնացույց արվեց [Հեռուստատեսության եւ ռադիոյի] ազգային հանձնաժողովի վրա, որն էլ անհետեւանք թողեց` որեւէ շարժում մենք այնտեղ չզգացինք: Ընդհակառակը, փոխվեց օրենքը` թվայնացման պատրվակով, եւ հանվեցին բոլոր մրցույթները անցյալ տարի»:

Սահմանադրական դատարանից իրենց ակնկալիքների վերաբերյալ հարցին «Ա1+»-ի ղեկավարը արձագանքեց. - «Կոնկրետ հետեւանք` ես պատկերացնում եմ, որ դա պետք է լինի մրցույթի ձեւով, եւ եթե այդ վճիռը լինի մեր օգտին, մենք, փաստորեն, ստիպողական մրցույթ կպահանջենք պարոն [Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր] Ամալյանից: Թե ինչպիսի գործընթաց հետագայում կլինի` դա արդեն կախված կլինի միայն Ազգային հանձնաժողովի նախագահից: Որովհետեւ եթե այդ հանձնաժողովը հաշվի չի առել այսքան տարիների ընթացքում որեւէ օրենքի դրույթ եւ մտադրություն ունի շարունակել խախտել բոլոր տիպի օրենքները, կարող է հենց այդ ալիքով էլ շարունակի իր գործունեությունը»:

«Այսինքն, նույնիսկ օրենքի պարտադրելու դեպքում կարող է եւ չանցկացնե՞լ մրցույթ», - այս հարցին Մեսրոպ Մովսիսյանը պատասխանեց. - «Դուք գիտեք, պատրվակներ միշտ էլ կարելի է գտնել` օրենքի փոփոխություններ, թվայնացում, որը բլեֆ է, իհարկե` բոլորս էլ արդեն սկսել ենք հստակ հասկանալ, եւ տարբեր ուրիշ պատճառաբանություններով հնարավոր է հետաձգում, նորից գործի սառեցում` դա արդեն սովորական խաղ է դարձել, եւ մեր ժողովուրդն էլ սովորել է իշխանությունների այդ տիպի խաղին. գործը քնեցնեն, սառեցնեն, հետո մի բան կստացվի»:
XS
SM
MD
LG