Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Ադրբեջանի կողմից առաջին անգամ հաստատվեց ինքնորոշման սկզբունքը»


Էդվարդ Նալբանդյանը Աթենքում զրուցում է լրագրողների հետ, 2-ը դեկտեմբերի, 2009
Էդվարդ Նալբանդյանը Աթենքում զրուցում է լրագրողների հետ, 2-ը դեկտեմբերի, 2009

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում իր եւ իր ադրբեջանցի գործընկերոջ ելույթից հետո պատասխանեց Աթենքում աշխատող հայ լրագրողների հարցերին:

Դիտարկմանը, որ, չնայած նախօրեին հնչած հայտարարություններին, իր եւ Մամեդյարովի ելույթները այսօր բավական կոշտ էին, Հայաստանի արտգործնախարարը արձագանքեց. - «Ես ասացի այն, ինչ ճշմարտությունն է: Մի երկիր, որ խախտում է պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ տարածաշրջանում եւ այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից, կասկածի տակ են դնում իրական իրենց մտադրությունները: Ես ասացի նրա մասին, որ իրենք փորձում են խեղաթյուրել թե' Ղարաբաղի հիմնախնդրի էությունը, թե' բանակցությունների էությունը: Եվ դա ճշմարտություն է... Այն, ինչ մենք ասել ենք եւ ասում ենք, երբեւէ չի հակասում նրան, ինչ որ ասում են միջնորդները»:

«Ամիսներ շարունակ, երբ մենք ասում էինք, որ բանակցում ենք Մադրիդյան փաստաթղթի հիման վրա, Ադրբեջանի կողմից ասվում էր, որ այդպիսի փաստաթուղթ չկա, այդպիսի առաջարկներ չկան... Բայց վերջը ստացվեց, որ կա այդ փաստաթուղթը, որ հենց Մադրիդյան փաստաթղթի հիման վրա ենք այդ բանակցությունները վարում: Եվ դա մտավ թե' Մոսկվայի հայտարարության, թե' Հելսինկիի հայտարարության մեջ», - շարունակեց նախարարը: - «Այդ հայտարարությունները, որոնք արվեցին Հելսինկիի նախարարականի շրջանակներում, կարեւոր դեր կատարեցին այս բանակցությունների շարունակման գործում, որովհետեւ Հելսինկիի հայտարարությունները մենք միանգամայն ողջունեցինք: Նախեւառաջ 56 երկրի կողմից նախարարական հայտարարությունը, որին նաեւ մենք էինք մաս կազմում, բայց Ադրբեջանն էլ էր մաս կազմում: Իրենք չօգտագործեցին վետոն, բայց անմիջապես հետո սկսեցին գլխիվայր շրջել այդ հայտարարությունը եւ անգամ դեմ հայտարարություններ անել: Այնտեղ եղավ նաեւ երեք համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որը նորից նույն ոճով էր, եւ Եվրամիության կողմից արված հայտարարությունը: Այս երեք հայտարարությունները կարեւոր հանգրվան էին այս բանակցությունների համար: Այսօր եւ երեկ ընդունված հայտարարություններում... առաջին անգամ Ադրբեջանի կողմից հաստատվեց ինքնորոշման սկզբունքը եւ ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»:

Հարցին, թե որքանով է հնարավոր համարում, որ կարդարանա ակնկալիքը, թե «եկել է ժամանակը որոշում կայացնելու», Նալբանդյանը պատասխանեց. - «Շուտվանից է եկել ժամանակը առաջ գնալու, եւ հիմա էլ է այդ ժամանակը: Ինչ որ մենք ասել ենք, այսօր էլ կարող ենք կրկնել, եւ դա իրականություն է, որ այսօր մենք քննարկում ենք Մադրիդյան փաստաթղթի բազմաթիվ սկզբունքներից միայն մի քանիսը: Եվ որոշ մոտեցում կա դիրքորոշումների որոշ սկզբունքների կամ որոշ կետերի վերաբերյալ: Ես կասեի, որ դա չի կազմում անգամ մեկ երրորդը այն սկզբունքների, որոնք գոյություն ունեն այդ փաստաթղթում: Դա երկար ճանապարհ է, բայց, իհարկե, մենք տրամադրված ենք գնալ այդ ճանապարհով, շարունակել այս բանակցությունները եւ պահպանել այն դրական դինամիկան, որը նկատվել է վերջին շրջանում երկու նախագահների հանդիպումների շնորհիվ»:

Հարցին, թե կա արդյոք պայմանավորվածություն բանակցությունների շարունակման առումով, Նալբանդյանը պատասխանեց. - «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա... Հնարավոր է, որ մոտակա ժամանակահատվածում համանախագահները նորից գան տարածաշրջան»:

«Չկա հանդիպում, որ մենք չկարեւորենք Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, որովհետեւ առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է հասնել որեւէ պայմանավորվածությունների», - հավելեց Էդվարդ Նալբանդյանը: - «Որովհետեւ խնդիրը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, իսկ Հայաստանը փորձում է օգնել այդ գործընթացին, որպեսզի լուծումներ գտնենք»:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ ասաց, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցին անդրադարձ չի եղել. - «Փորձերը կապել այս երկու պրոցեսները՝ Ղարաբաղի հանգուցալուծման եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացները, կարող է միայն վնաս հասցնել թե' մեկ պրոցեսին, թե' մյուսին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG