Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Կողմերը պետք է պարտավորվեն խուսափել խաղաղ գործընթացին խոչընդոտող քայլերից»


«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն խուսափել քայլերից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ գործընթացին, այդ թվում՝ խնդրի էությունն ու բանակցությունների շարունակվող գործընթացը աղավաղելու փորձերից, ինչպես որ հենց նոր արեց Ադրբեջանի նախարարը», - Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում չորեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանն ու Թուրքիան էական առաջընթաց քայլ են կատարել՝ ստորագրելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու մասին արձանագրությունները հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում։ Հաջորդ կարեւոր քայլը, որ պետք է ձեռնարկեն կողմերը, արձանագրությունների վավերացումն է. մենք հուսով ենք, որ այդ կարեւոր քայլը կարվի, եւ Հայաստանն ու Թուրքիան կսկսեն համաձայնությունների իրագործումը։ Չպատճառաբանված հետաձգումները եւ նախապայմանները, այդ թվում` այս հարցը Ղարաբաղյան խնդրին կապելու մղումը, կարող են վնաս հասցնել երկու գործընթացների հեռանկարին էլ», - ասաց Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով միջազգային հանրությանը, այդ թվում՝ Շվեյցարիային, Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրամիության այլ անդամներին՝ հայ - թուրքական գործընթացին սատարելու համար, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է. - «Այդուամենայնիվ, չնայած ողջ աշխարհի երկրների ցուցաբերած լիակատար աջակցությանը, մեր շարքերում կա մի երկիր՝ Ադրբեջանը, որը դեմ է արտահայտվում ԵԱՀԿ-ի անդամ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գաղափարին եւ դրանով իսկ հակառակվում է այն արժեքներին, որոնց վրա հիմնվել է այս կազմակերպությունը»։

«Նույն այդ արժեքներին համաձայն, Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավվել Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ջանքերում, այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վեց հանդիպում են ունեցել` Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որը մնում է վստահելի ձեւաչափ՝ բանակցությունների համար», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: - «Մինչ օրս բանակցող կողմերը որոշ առաջընթաց են արձանագրել Մադրիդյան փաստաթղթի շուրջ բանակցություններում, սակայն դեռեւս կան հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, մասնավորապես` ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության, որը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի երեկվա համատեղ հայտարարության մեջ»։

«Այս՝ արագորեն փոփոխվող միջազգային միջավայրում կարեւոր է, որպեսզի մենք՝ որպես առանձին անդամ երկրներ, եւ միասին վերցրած՝ կազմակերպություն, շարունակենք հարգել մեր պարտավորությունները եւ խստորեն հավատարիմ մնանք մեր հավաքական վարքագիծը կառավարող օրենքներին եւ սկզբունքներին», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

«Անցնող տարին նշանավորվեց լուրջ քննարկումներով ԵԱՀԿ-ի տարածքում սպառազինությունների վերահսկման համաձայնագրի շուրջ: Մենք, մասնավորապես, կարեւորում ենք ջանքերը սպառազինությունների վերահսկման միջոցները ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի նախաձեռնությունը։ Այս համատեքստում, անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից հիմնարար՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմի չկատարումը, առնվազն երկու կատեգորիաներով՝ զենքի առավելագույն պաշարների զգալի գերազանցմամբ եւ դրա հետ մեկտեղ պատերազմական հռետորաբանությամբ, մտահոգություններ է առաջացնում այդ երկրի իրական մտադրությունների շուրջ։ Ադրբեջանը խախտում է ԵԱՀԿ-ի ամենահիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու սկզբունքը», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:


Աննա Իսրայելյան, Աթենքից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG