Մատչելիության հղումներ

Մշակույթի ոլորտին պետբյուջեով հատկացվող միջոցները կնվազեն


2010 թվականին մշակույթի ոլորտին պետական բյուջով նախատեսվում է հատկացնել շուրջ 8 միլիարդ դրամ (մոտ 21 միլիոն դոլար)` այս տարվա 8 միլիարդ 400 միլիոն դրամի փոխարեն, այսինքն` ավելի քան 355 միլիոն դրամով պակաս: Այդ մասին շաբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նշելով, որ վերջին տարիներին ավելանում էին մշակույթի ոլորտին հատկացվող գումարները, իսկ եկող տարի նախատեսվում է դրանք նվազեցնել, նախարարը, այդուհանդերձ, հավաստիացրեց, որ այդ բացը իրենց ծրագրերի իրականացման վրա չի ազդի:

Մշակույթի տարբեր ոլորտներում կշարունակվեն ծրագրերը` ուղղված ստեղծագործական, թատերական, երաժշտական, համերգային ու գրահրատարակչական խնդիրներին: Միայն երկու ոլորտ բաց կմնան` համերգասրահների տեխնիկական վերազինումը եւ պատմամշակությաին հուշարձանների վերականգնողական աշխատանքը, այն էլ` զուտ վերականգնողական մասը, որովհետեւ, ինչպես շեշտեց Հասմիկ Պողոսյանը, եկող տարի գումարները այս ոլորտում ուղղվելու են առավելապես պատմամշակութային հուշարձանների լուրջ ուսումնասիրությանը` թե որը ինչ վիճակում է, ինչ կարգի աշխատանքներ են անհրաժեշտ, նաեւ վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային աշխատանքներին:

«Այս պահի դրությամբ ես կարող եմ արձանագրել` միմիայն որոշակի տեխնիկական, ներդրումների մասով գումարների նվազեցում, մյուս բոլոր հոդվածներով այսօր մենք որեւէ խնդիր չունենք», - ասաց նախարարը` հավելելով. - «Եթե ներդրումային ծրագրին են գրադարանների վերաբերում, որը մեր բյուջեով չէ` դա քաղաքաշինության նախարարության բյուջեով է, 2010 թվականին շարունակվելու են շուրջ 360 միլիոն գումարի շրջանակներում երկու գրադարանների հիմնանորոգման աշխատանքները. դրանք են` Հայաստանի ազգային գրադարանը եւ Խնկո-Ապոր գրադարանը»:

Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանության ոլորտում Վերահսկիչ պալատի` այս տարի հայտնաբերած ֆինանսական մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահումներին, ապա Հասմիկ Պողոսյանը խորհուրդ տվեց բացել նախարարության կայքէջը եւ հարցի պատասխանը փնտրել այնտեղ. - «Մենք այնտեղ պատասխանել ենք` որ պահի հետ համաձայն ենք, որը կվերադարձվի, որտեղ մեր` նախարարության նախաձեռնությամբ քրեական գործ է հարուցված, որտեղ մենք ինչ միջոցներ ենք ձեռնարկում: Իսկ կան հատվածներ, որտեղ նաեւ մեր անհամաձայնությունն ենք հայտնել»:

«Մենք առաջնորդվում ենք այսօր օրենքով, մեզ համար առաջին հերթին օրենքն է: Եվ եթե հայտնաբերվել են խախտումներ, դրանք պետք է շտկվեն», - ընդգծեց նախարարը:

Նախարարության կազմում ստեղծվել է մի նոր կառույց, որը համակարգում է պատմամշակութային հուշարձանների վերականգնման ամբողջ աշխատանքը. այն ղեկավարում է մինչեւ վերջերս «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Այդ կառույցը ոչ միայն զուտ վերականգնողական, այլեւ այլ գործառույթ ունի: «Փորձը ցույց է տալիս, որ հիմնական խնդիրները` վատ նախագծված աշխատանքների արդունքում է, որ հետո վատ վերականգնում է կատարվում, եւ այդ կառույցը ինքը նաեւ պետք է զբաղվի հուշարձանների հետազոտումով եւ պրոֆեսիոնալ նախագծման աշխատանքներով», - փոխանցեց Հասմիկ Պողոսյանը:

2010 թվականին կպահպանվեն Օպերային թատրոնին եւ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պետբյուջեից հատկացվող բոլոր գումարները, նաեւ բոլոր թատրոններին հատկացվող պետական գումարները` թատերարվեստի աջակցման համար: Չեն նվազելու նաեւ կրթական ոլորտին` մասնավորապես ազգային, լարային, ժողովրդական գործիքների ուսուցման համար նախատեսված ծախսերը, գրահրատարակչական ծախսերը, կինոյի ոլորտին հատկացվող գումարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG