Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատի նախագահը բարձրաձայնում է չարաշահումների մասին


2007-2008 թվականների պետական բյուջեի ծախսերն ուսումնասիրելու արդյունքում Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը 1 միլիարդ դրամից ավելի խախտումներ եւ չարաշահումներ է հայտնաբերել: Գումարի կեսն արդեն վերադարձվել է պետբյուջե: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Մշակույթի նախարարությունում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 500 միլիոն դրամի խախտումներ: Մշակութային տարատեսակ միջոցառումների համար հատկացված գումարներից շուրջ 190 միլիոնը ենթակա է վերականգնման:

«14.9 միլիոն դրամ հատկացվել է «Սայաթ Նովա» օպերայի բեմադրության համար` դեռեւս 2006 թվականից, սակայն առայսօր ո՛չ գումարը հետ է եկել պետական բյուջե, եւ ոչ էլ «Սայաթ Նովա» օպերան է բեմադրված», - չարաշահումների օրինակներից մեկը ներկայացրեց Իշխան Զաքարյանը:

Նախարարության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախարարության դիրքորոշումը կամփոփվի Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները ստանալուց հետո:

Արմավիրի մարզպետարանում 2007-2008 թվականների պետական բյուջեից ստացված գումարի կեսի ծախսերն ուսումնասիրելու արդյունքում Վերահսկիչ պալատը արձանագրել է 86 միլիոն դրամի տարբեր բնույթի խախտումներ:

Խախտումներ են հայտնաբերվել նաեւ Արմավիրի մարզի համայնքներում: Փարաքար գյուղում` Երեւանից օդանավակայան տանող ճանապարհին տեղակայված խաղատների եւ կահույքի խանութների դիմացի հողերը, Իշխան Զաքարյանի հրապարակած տվյալներով, վաճառվել են 1 քառակուսի մետրը` 6 դրամով:

«Ուղղակի ծիծաղելի գներ են», - մեկնաբանեց Զաքարյանը:

Իշխան Զաքարյանը բավարարված էր Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների կապակցությամբ դատախազության արձագանքով: Նա նշեց, որ անցյալ տարի դատախազություն է ուղարկվել 9 գործ. - «6 գործով հարուցված է քրեական գործ, որի համար մենք ստացել ենք տեղեկանքները: 2 գործով մեզ պատասխանել են, որ դրանք քրեական բնույթի չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG