Մատչելիության հղումներ

Ռուբեն Հակոբյան. «Ընդդիմության գործողությունները համարժեք չեն իրավիճակին»


«Ընդդիմության գործողությունները համարժեք չեն այն իրավիճակին, ինչն այսօր կա մեզանում` ես նկատի ունեմ հայ - թուրքական հարաբերությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին դաշնակցական, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանը:

«Իշխանությանը, կարելի է ասել, քարտ բլանշ է տրված, որ նրանք այդ [հայ - թուրքական] փաստաթուղթը բերեն վերջնական տեսքի: Եվ չեմ տեսնում այսօր ռեալ գործընթացներ քաղաքական դաշտում, որոնք խոչընդոտեն իշխանություններին` ինչպես Ազգային ժողովում վավերացնելու, այնպես էլ վերջնական ստորագրությունը փաստաթղթի վրա կնքելու համար», - ասաց Հակոբյանը: - «Եվ շատ ցավալի է, որ ընդդիմադիր դաշտը` լինելով շատ ավելի ծանրակշիռ` թե' տարածական առումով, թե' որակական առումով, բայց, գուցե ուղղակիորեն, գուցե անուղղակիորեն, ինչ-որ տեղ նպաստում է, որպեսզի իշխանությունները այդ փաստաթուղթը բերեն վերջնական տեսքի»:

Նա հստակեցրեց, որ ընդդիմություն ասելով նկատի ունի «ամբողջ ընդդիմադիր դաշտը իր գործողություններով», այդ թվում թե' Հայ ազգային կոնգրեսը եւ թե' Դաշնակցությունը. - «Դա միանշանակ է: Չեմ կարծում, թե այսօր կա թեկուզ մեկ քաղաքական գործիչ Հայաստանում, որը կասկածի, որ դա [հայ - թուրքական արձանագրությունները] Ազգային ժողովում կվավերացվի: Եվ միակ ճանապարհը, որով կարելի է կանխել այդ ստորագրությունը` եթե ոչ 100 տոկոսով, բայց դա միակ ճանապարհն է` դա իշխանության հրաժարականի պահանջն է, նախագահի հրաժարականի պահանջը, որը երեւի թե հնարավորություն կտա, իրականացնելու դեպքում, հետաձգել գոնե այդ փաստաթղթի հետ կապված զարգացումները»:

«Ցանկացած իշխանություն եթե փոխվում է, եւ թեման էլ պարզ է` ինչու է փոխվում, հասկանալի է, որ իշխանությունները ժամանակ են վերցնում` հետագայում վերանայելու այդ դիրքորոշումները, եւ այլն», - պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը` հավելելով. - «Եվ այսօր այդ պայքարը, որ տարբեր ուղղություններով տարվում է եւ ըստ էության պառակտում է ընդդիմադիր դաշտը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում է նրան, որ իշխանությունները հասնեն իրենց նպատակին: Եվ նրանք էլ կարծես թե չեն թաքցնում, որ իրենք հաղթել են եւ կարող են հասնել իրենց նպատակին»:

Նախկին դաշնակցական գործիչը համոզված է, որ հայ - թուրքական գործընթացում կան նախապայմաններ. - «Եթե որեւէ մեկը կարող է ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչու անպայման ապրիլի 22-ին պետք է ստորագրվեր այդ հայտնի հայտարարությունը, եթե դա նախապայման չէր, պարտադրանք չէր, եթե կարողանա բացատրել, եւ դա լինի տրամաբանական, ես կասեմ` իսկապես չկա: Այն, որ պատի նման 5 գերպետությունների ներկայացուցիչներ [հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում] կանգնած էին ստորագրողների հետեւում եւ ուշադրությամբ հետեւում էին, մի քիչ էլ ագրեսիվ հայացքով, որ հանկարծ այնպես չլինի, որ չստորագրեն, դա խոսում էր այն մասին, որ պարտադրանքների ինչ մեծ տարածություն, ինչ մեծ էներգիա կար այդ փաստաթղթերի ստորագրման հետ կապված»:

«Ամբողջ գործընթացները ընթացել են պայմանների, ճնշումների ազդեցության տակ. դա շատ տեսանելի է», - վստահեցրեց Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանը Դաշնակցությունից հեռացվել է անցած տարվա մայիսին` հակականոնադրային գործունեության համար: Նա այդ շրջանում Դաշնակցությանը մեղադրում էր նախագահական ընտրություններում եւ ընտրություններից հետո ցուցաբերած անսկզբունքայնության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG