Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության են հանգել


Թուրքիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ստամբուլում հանդիպում է արտգործնախարարների հետ, 6-ը ապրիլի, 2009 թ.
Թուրքիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ստամբուլում հանդիպում է արտգործնախարարների հետ, 6-ը ապրիլի, 2009 թ.
Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։ Այս մասին ասված է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները։

«Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում։ Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։ Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ», - նշված է հայտարարության տեքստում, որը երեկ ուշ երեկոյան տարածել է Հայաստանի արտգործնախարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Հայտարարությունում նաեւ նշվում է, որ համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում բանակցային գործընթացի շարունակման համար։

Համատեղ հայտարարությունը նույն ժամին տարածել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է այս մասին, ընդգծելով, որ հայտարարությունը տարածվեց ապրիլի 24-ի նախաշեմին, օր, երբ հայերը նշում են Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական ջարդերը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ապրիլ ամսվա սկզբին հայտարարեց, որ Հայաստանի հետ համաձայնություն չի լինի, մինչեւ Հայաստանը Ադրբեջանի հետ չլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը։ Նրա հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահը հույս հայտնեց, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչեւ հոկտեմբեր։

Ապրիլի 6-ին Թուրքիա կատարած այցելության ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քաջալերեց Թուրքիայի ու Հայաստանի միջեւ երկխոսությունը, ասելով, թե բանակցությունները կարող են շատ շուտով արդյունքներ տալ։ Հենց այդ ժամանակ հրապարակավ հայտնի դարձավ հայ-թուրքական բանակցություններում Շվեյցարիայի միջնորդության մասին։ Բարաք Օբաման պաշտոնական ճաշկերույթի ընթացքում հանդիպեց Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներին՝ Շվեյցարիայի արտգործնախարարի մասնակցությամբ։ Ավելին, ինտերնետում մի տեսանայութ էր տեղադրվել, որտեղ երեւում էր, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիա է ժամանում շվեյցարական տարբերանշաններ ունեցող օդանավով։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ:


«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», - «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` երեկ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ռոբերտ Վուդը:

«Միացյալ Նահանգների դիրքորոշումը երկար ժամանակ եղել է եւ մնում է այն, որ կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում», - ընդգծել է Վուդը:

«Մենք ակնկալում ենք աշխատել երկու կառավարությունների հետ` ի աջակցություն կարգավորման, եւ դրանով իսկ խթանել խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ամբողջ տարածաշրջանում», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG