Մատչելիության հղումներ

Նախաքննական մարմինը ծանրացրել է Տիգրան Առաքելյանի մեղադրանքը


Տիգրան Առաքելյանը դատարանի շենքի մոտ, 8 հուլիսի, 2009
Տիգրան Առաքելյանը դատարանի շենքի մոտ, 8 հուլիսի, 2009

Նախաքննական մարմինը երկուշաբթի օրը ծանրացրել է նախնական կալանքում գտնվող` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքը: Այժմ նա, բացի խուլիգանությունից, մեղադրվում է նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատժաչափը մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

«Տիգրան Առաքելյանի մեղադրանքը լրացվել է եւ նոր մեղադրանք է առաջադրվել [Քրեական օրենսգրքի] 316 հոդվածի երկրորդ մասով: Այսինքն, 258 հոդվածի երրորդ մասով [որով սահմանված առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է] եւ 316-ի երկրորդ մասով Տիգրան Առաքելյանին այսօր մեղադրանք է առաջադրված», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը` հավելելով. - «Ծանր մեղադրանք է դա` իբրեւ թե Տիգրան Առաքելյանը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկան Էրիկ Պողոսյանին, որով նա ճանաչվել է տուժող: Տվյալ հոդվածով սանկցիան նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում»:

«Խուլիգանության մեջ էին մեղադրում, հիմա գտել են, որ Տիգրան Առաքելյանը կատարել է ե'ւ խուլիգանություն, ե'ւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն է ցույց տվել, որը արտահայտվել է վտանգավոր բռնությամբ», - ասաց փաստաբանը:

«Բնականաբար, ես կբողոքարկեմ այդ որոշումները, բայց Տիգրան Առաքելյանի առողջական վիճակն է ամենամտահոգիչը, նա այսօր ավելի վատ է: Երեկ Տիգրան Առաքելյանը եկավ հարցաքննության իր խցակիցներից մեկի եւ աշխատակիցների ուղեկցությամբ, քանի որ ինքնուրույն չէր կարողանում քայլել, շատ վատ վիճակում էր նա, չուներ հավասարակշռություն, եւ ինչպես այնտեղ ինձ ասացին` ամբողջ գիշեր նա եղել է նոպայի մեջ, սուր ցավեր է ունեցել», - փոխանցեց Վարդուհի Էլբակյանը:

Հուլիսի 5-ից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի ձախ աչքի տեսողական ներվը վնասված է` այդ մասին կա առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի եզրակացությունը։ Առաքելյանի պաշտպանը նրա խափանման միջոցը փոխելու խնդրանքով դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն սեպտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց եւ կկայանա երեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG