Մատչելիության հղումներ

Դատաբժիշկները Վասիլի Ալեքսանյանի համար վտանգավոր են համարում նրա մասնակցությունը դատական նիստերին


ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի համար վտանգավոր է նրա մասնակցությունը դատական նիստերին: Դատաբժշկական փորձաքննության այս եզրակացությունը Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանում այսօր հրապարակել է Ալեքսանյանի փաստաբան Գեորգ Թանգյանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` դատաբժիշկների եզրակացությունում ասված է, որ գոյություն ունի անբարենպաստ գործոնների, այդ թվում դատարանի դահլիճում մեծ թվով մարդկան ներկայության ազդեցությամբ Ալեքսանյանի առողջական վիճակի մահացու բարդացումների վտանգ:

«Այցելությունը նրա համար մահվան է հավասար», - հայտարարել է դատապաշտպանը` միջնորդելով կասեցնել տվյալ գործով դատավարությունը:

Այդուհանդերձ, պետական մեղադրող Նիկոլայ Վլասովը հայտարարել է, որ փորձաքննության եզրակացությունում չկա Ալեքսանյանի` դատավարությանը մասնակցության ուղղակի արգելք:

Դատարանը հարցը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 5-ը` Ալեքսանյանի առողջական վիճակի վերաբերյալ ավելի հանգամանալից տեղեկություններ ստանալու համար:

ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահը մեղադրվում է դրամական միջոցների լվացման եւ օրինականացման, յուրացման մեջ:

Ալեքսանյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

2006 թվականին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նրան նոր` հարկերից խուսափելու մեղադրանք է առաջադրել:

Ալեքսանյանի գործով դատավարությունը ընդհատվել էր անցած տարվա փետրվարին` մեղադրյալի առողջական վիճակի պատճառով. նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ եւ քաղցկեղ: Տարեվերջին Մոսկվայի քաղաքային դատարանը փոխեց Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը` 50 միլիոն ռուբլի (մոտ 1,7 միլիոն դոլար) գրավի դիմաց ազատ արձակելով նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG