Մատչելիության հղումներ

Պարգեւ Օհանյանը «ամոթի ու ցավի զգացումով է» հետեւել հետընտրական գործերով դատավարություններին


Armenia -- Former judge Pargev Ohanian, undated
Armenia -- Former judge Pargev Ohanian, undated

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նշելով, որ ամոթի ու ցավի զգացումով է հետեւել պատվիրված ներկայացումներ հիշեցնող «7-ի գործով» դատավարություններին, կարծիք հայտնեց, որ իր նախկին գործընկեր դատավորները արդարացման վճիռներ չկայացրեցին` իրենց աթոռները կորցնելու վախից:

«Որ ասեմ չեն կարող, սխալված, երեւի, կլինեմ, որովհետեւ ոչ ոք նրանց ձեռքերը չի բռնել, առավել եւ՝ խիղճը», - ասաց նա՝ շարունակելով. - «Բայց որ պաշտոնից կզրկվեն, դա միանշանակ է: Վախենում են, որովհետեւ ցանկանում են պահպանել իրենց աթոռը եւ չկրկնել Պարգեւ Օհանյանի օրինակը»:

Պարգեւ Օհանյանը, հիշեցնենք, 2007 թվականի աշնանը «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվեց դատավորի լիազորություններից, ինչը որոշ հրապարակումներ համարում էին նախկին նախագահի վրեժը:

Նախկին դատավորը կարծում է, որ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով բոլոր ազատազրկվածներն անմեղ են, նրանց նկատմամբ ի սկզբանե իրականացվեց քաղաքական հետապնդում՝ թաքնված քրեական շղարշի ներքո. - «Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին… կուզենայի տեսնել արդարացված այդ մարդկանց եւ՝ ժամանակին, եւ՝ ներողություններով, որը պարտավոր կլիներ անել նա, ով մեղավոր է նրանց անհիմն դատապարտման մեջ: Եվ ոչ թե համաներում: Այն էլ՝ փաստորեն խտրական է կիրառվում, շատ անմեղներ դեռ մնացին ազատազրկման վայրերում: Անմեղ մարդուն դատապարտել, հետո համաներման ակտով ազատ արձակել, դա նույնն է, որ մարդը չարդարացվեց: Արդարադատություն չիրականացվեց»:

Իսկ 2 տասնյակ մարդկանց բանտում դեռ պահում են թերեւս «տնավարի հաշվարկներով». - «Այս հոդվածների վրա չտարածենք, որ այս հոդվածներով մեղադրվող այսինչների վրա չտարածվի: Բնականաբար, ինչ-որ հաշվարկներ կան»:

Իսկ «Մարտի 1»-ի գործով կալանավորվածներին ու ազատազրկվածներին արդարացնելու անհրաժեշտությունը նախկին դատավորը հիմնավորում է հետեւյալ երկու փաստարկներով. նախ, ըստ Պարգեւ Օհանյանի, ակնհայտ է, որ զանգվածային անկարգություններ իրականացնելու մտադրություն ի սկզբանե ցուցարարները չեն ունեցել, բարիկադներ կառուցել են ինքնապաշտպանական դրդապատճառներով եւ անկարգություն չէր սանձազերծվի, եթե մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանությունը չիրականացնել նրանց «ջարդելու» գործողությունները: Եվ երկրորդ փաստարկը. Օհանյանը փորձում էր նաեւ հենց մասնագիտորեն ապացուցել, որ զանգվածային անկարգությունների հոդվածներով անցնողների գործերը պետք է կարճվեին՝ 225 հոդվածը փոփոխելուց հետո: Որովհետեւ նրանք ի սկզբանե մեղադրվել են սպանություններով զուգորդված անկարգությունների կազմակերպելու մեջ, իսկ քանի որ պատժելիությունը սահմանող նորմերը հետադարձ ուժ չունեն, սպանություններով զուգորդված ձեւակերպումը հանելուց հետո գործերը պետք է տեղում կարճվեին:

Հարցին, թե արդյո՞ք իրավաբանորեն դժվար է նույնականացնել եւ բացահայտել մարտի 1-ին զոհվածների մահվան հանգամանքները, եթե հայտնի են հատուկ միջոցներ օգտագործած 4 ոստիկանները եւ հատուկ միջոցներից 3 սպանվածները, Պարգեւ Օհանյանը պատասխանեց. - «Փակ օղակ է. չորսից մեկը սպանել է ու վերջ: Ուրեմն չենք իմանում, թե ով է… Ծիծաղելի է: Նման արդարադատություն չի լինում ոչ մի երկրում: Բազմաթիվ քննչական գործողություններով, տակտիկական հնարքներով կարելի է բացահայտել: Ես համարյա համոզված եմ»:

Դատավորի իր լիազորությունները դադարեցնելու որոշումը Պարգեւ Օհանյանը բողոքարկել է Եվրադատարանում, այժմ դասախոսում է եւ միաժամանակ իրավաբանական կենտրոն է ղեկավարում: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի, թեեւ, իր խոսքերով՝ իշխանություններն իրենց անընդունելի գործողություններով իրեն որոշակիորեն ներքաշել են քաղաքականության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG