Մատչելիության հղումներ

Հայկական ֆիլմը լավագույն տասնյակում է


Նյու Յորքում անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական միջազգային կինոփառատոնում հայաստանյան «Սաքոն» ֆիլմը 300 ֆիլմերից ընտվել է լավագույն տասնյակում, ինչը նշանակում է, որ այն ցուցադրվելու է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։

«Ամեն տարի ֆինանսական կամ այլ խնդիրներ էին ծագում եւ չէր ստացվում ֆիլմ ուղարկել այս փառատոնին», - ասում է «Մանանա» երիտասարդական կինոստուդիայի համակարգող Գոռ Բաղդասարյանը։ - «Սակայն կենտրոնի սաների նկարահանած «Սաքոն» ֆիլմը այս տարի հաջողվեց ուղարկել փառատոնին։ Մեկ այլ միջոցառման շրջանակներում կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները տեսել էին ֆիլմն ու առաջարկել էին այն ընդգրկել իրենց փառատոնում։ Ֆիլմը վավերագրական է, ֆիլմի հիմքում իրական պատմություն է»:

5 րոպե տեւողությամբ «Սաքոն» ֆիլմը նկարհանվել է 2005-ին։ Հեղինակները «Մանանա» երիտասարդական կենտրոնի սաներն են՝ Արամ Աբրահամյանն ու Դավիթ Մարտիրոսյանը։ Ֆիլմի հերոսը 13-ամյա Սաքոն է. նա երբեք դպրոց չի հաճախել , 7 տարեկանից հոր հետ աշխատել է քարհանքում` ընտանիքը պահելու համար։

2005-ին ֆիլմի համահեղինակ եւ օպերատոր Դավիթ Մարտիրոսյանը նույնպես 13 տարեկան էր: Նա խոստովանում է, որ հոգեբանորեն հեշտ չէր տեսնել իր հասակակցին, որ չի սովորում դպրոցում, այլ աշխատում է։

Դավիթ Մարտիրոսյանը փառատոնի լավագույն տասնյակում ընդգրկվելը համարում է մեծ հաջողություն։

«Ֆիլմով ցանկացել ենք ցույց տալ, որ մեր կողքին քիչ չեն ֆիլմի հերոս Սաքոյի նման երեխաները։ Ուրախ եմ, որ ֆիլմը կցուցադարվի տարբեր քաղաքներում, եւ շատ մարդիկ կդիտեն այն», - ասաց նա։
XS
SM
MD
LG