Իրան -- Ահմադինեջադի աջակիցները տոնում են իրնեց նախընտրած թեկնածուի հաղթանակը, Թեհրան, 13-ը հունիսի, 2009
Հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` ստանալով քվեների 62.6 տոկոսը: Այս մասին հայտարարել է Իրանի Ներքին գործերի նախարար Սադեք Մահսուլին:Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իրանցիներին կոչ է արել աջակցել ընտրված նախագահին:
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է Խամենեի խոսքերը. - «Ընտրողների 80 տոկոսի մասնակցությունը եւ 24 միլլիոն քվեները, որ տրվել են ընտրված նախագահին, մեզ համար իսկական տոն է, որը ապահովելու է մեր երկրի առաջընթացը, ազգային անվտանգությունը եւ երկարատեւ երջանկությունը»:
Ահմադինեջադի հիմնական հակառակորդը` նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, ով պաշտոնապես ստացել է ձայների ընդամենը 33.7 տոկոսը, «վճռականորեն» բողոքել է «բազմաթիվ ակնհայտ խախտումների դեմ», եւ պնդել է, թե իրականում հենց ինքն է հաղթանակ տարել:
Նախագահի մեկ այլ թեկնածու` Մեջլիսի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին, ով պաշտոնապես ստացել է քվեների մոտ 2 տոկոսը, նույնպես հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ են եւ անընդունելի»:
Իրանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 85 տոկոսը, ինչը աննախընթաց բարձր ցուցանիշ է Իրանի ողջ պատմության ընթացքում: