Մատչելիության հղումներ

Երիտասարդ բեմադրիչը դժգոհ է գեղարվեստական խորհրդի գործունեությունից


Մոտ մեկ տարի է, ինչ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի։ Փոխարենը թատրոնին կից գործում է 17 հոգուց բաղկացած գեղարվեստական խորհուրդը։

Թատրոնում այլեւս չկան հաստիքային ռեժիսորներ: Պայմանագրային հիմունքներով հրավիրվող ռեժիսորն ընտրում է դերասանական կազմը, ընտրում է այն պիեսը, որն ուզում է բեմադրել եւ իր ծրագիրը ներկայացնում է գեղարվեստական խորհրդին, որն էլ, իր հերթին, կարող է հավանություն տալ կամ չտալ։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստեղծված գեղարվեստական խորհրդի անդամ Արա Խզմալյանի կարծիքով, այս կերպ պարզապես փոխվել է ռեժիսորի կարգավիճակը թատրոնում:

Թատրոնում այսպիսի փոփոխություններն ու թատրոնի մշտական հաստիքային ռեժիսորներ չունենալը երիտասարդ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի համար անընդունելի է։ Իսկ նոր կարգից, այն է՝ թատրոնին կից ստեղծված գեղարվեստական խորհրդի գործունեությունից, Շահվերդյանն այնքան գոհ չէ. - «Դեռ նախորդ տարվա սեպտեմբերից 6 բեմադրության առաջարկով եմ հանդես եկել, սակայն մինչեւ այսօր գեղարվեստական խորհրդի կողմից որեւէ պատասխան չեմ ստացել»:

Խզմալյանը, սակայն, ի պատասխան նշեց, որ գեղարվեստական խորհուրդը բեմադրվող ներկայացումների ընտրությունը կատարում է՝ ելնելով անաչառ սկզբունքերից, եւ՝ Շահվերդյանը միակ երիտասարդ բեմադրիչը չէ։

Հակասական է նաեւ այն հարցի պատասխանը, թե ի վերջո Սունդուկյանի թատրոնը կունենա՞ գեղարվեստական ղեկավար, թե՞ ոչ։ Ըստ Արա Խզմալյանի, գեղարվեստական խորհուրդը վաղ թե ուշ պիտի առաջարկի թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Մինչդեռ, ըստ գեղարվեստական խորհրդի նախագահ, Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիդ Մուրադյանի, խորհուրդը խնդիր չունի առաջադրելու գեղարվեստական ղեկավար, դա խորհրդի լիազորությունների մեջ չի մտնում։
XS
SM
MD
LG