Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հայտարարություն է տարածել փաստահավաք խմբի գործունեության «փաստացի կասեցման» մասին


Ընդդիմությունը հայտարարություն է տարածել` պահանջելով միջոցներ ձեռնարկել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ:

Այս շաբաթ Փաստահավաք խմբից դուրս գալու իրենց մտադրության մասին տեղեկացրել էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր, եւ կոալիցիայի կողմից նշանակված անդամ Ռոբերտ Ավագյանը: Երկու անդամների ինքնահրաժարականների հետեւանքով Փաստահավաք խմբի աշխատանքները, փաստորեն, կասեցվել են:

Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը, մայիսի 30-ին տարածած համատեղ հայտարարությամբ պնդում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից «կազմալուծվել է Փաստահավաք խմբի գործունեությունը», արձանագրելով. - «Փաստահավաք խմբի աշխատանքների միտումնավոր կազմալուծման պատճառը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների եւ սպանությունների հանգամանքների իրական պատկերի բացահայտումն է, քանի որ հրապարակված առաջին արդյունքները արմատապես հակասում են իշխանության՝ ի սկզբանե տարածած վարկածներին: Մարտի 1-ին զոհված քաղաքացիների մահվան հանգամանքների փաստերի ամբողջական բացահայտման նախաշեմին Փաստահավաք խմբի աշխատանքների նմանօրինակ կոպիտ կասեցումը ցույց է տալիս, որ իշխանությունները շահագրգռված չեն ճշմարտության բացահայտման մեջ եւ դիմում են ամեն միջոցի իրականությունը պարտակելու համար»:

Ընդդիմադիրները հիշեցնում են, որ 2009 թվականի ապրիլին Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին էր ներկայացվել ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը, որից, ըստ հայտարարության հեղինակների` «ակնհայտ է, որ սպան զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչով մերժվեց այն վարկածը, որ ի սկզբանե պնդում էին իշխանությունները»:

«Դրանից անմիջապես հետո՝ մայիսի 4-ից անակնկալ արձակուրդ գնաց /ինչը նախատեսված չէ կարգադրությամբ/ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ավելին՝ նրա եւ Փաստահավաք խմբում կոլաիցիայի երկու ներկայացուցիչների կողմից որոշում ընդունվեց խմբի աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, ինչը նույնպես նախատեսված չէ կարգադրությամբ: Այդ օրվանից սկսած մինչեւ հիմա Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը վերականգնված չէ: Թեեւ ընդդիմության ներկայացուցիչները ամեն օր պարտաճանաչորեն ներկայանում են աշխատանքի, խմբի մյուս անդամների ոչնչով չհիմնավորված բացակայությունների, ինչպես նաեւ՝ Վահե Ստեփանյանի եւ Ռոբերտ Ավագյանի՝ կարգադրությամբ չնախատեսված ինքնահրաժարականների պատճառով խումբը չի կարողանում վեսկսել իր աշխատանքը», - պարզաբանում են ընդդիմադիրները` պահանջելով միջոցներ ձեռնարկել Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքները անհապաղ վերականգնելու ուղղությամբ:

«Այլապես ըննդդիմությունը ստիպված է լինելու փնտրել մարտի 1-ի իրադարձությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման եւ հրապարակայնացման այլ ուղիներ», - ասված է Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG