Մատչելիության հղումներ

Կոալիցիայի ներկայացուցիչը դուրս է գալիս Փաստահավաք խմբից


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի` կոալիցիայի կողմից նշանակված անդամ Ռոբերտ Ավագյանը պատրաստվում է դուրս գալ խմբից:

Ինչպես ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ավագյանը, Փաստահավաք խմբից դուրս գալու իր որոշումը «վերջնական է, եւ դա բացարձակապես կապ չունի Վահե Ստեփանյանի որոշման հետ»:

Պատճառը, ըստ Ռոբերտ Ավագյանի, կապված է Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հետ. - «Անդրանիկ Քոչարյանը մտել էր անձնական դաշտ: Ցանկացավ, որպեսզի այն կարգախոսը, որ փողոցում էր հնչում` «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է», ներխուժի Փաստահավաք խումբ: Եթե ես իմ կարծիքն էի հայտնում` [հետեւում էին] անձնական վիրավորանքներ, եւ այլն»:

Ավագյանը առայժմ իր մտադրության մասին քաղաքական կոալիցիային չի հայտնել: Նա ասաց, որ անհրաժեշտության դեպքում գրավոր կդիմի հանրապետության նախագահին:

Վերջերս Փաստահավաք խմբից դուրս գալու մասին պաշտոնապես հայտարարել է խմբի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը` իր այդ որոշումը հիմնավորելով խմբում ստեղծված իրավիճակով:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուրբաթ օրը հայտարարությամբ է հանդես եկել, որում պատրաստակամություն է հայտնում առաջադրել Փաստահավաք խմբի նոր անդամ:

«Այս յոթ ամիսների ընթացքում խմբի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է եղել խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի ցուցաբերած մասնագիտական մոտեցմամբ: Ցավոք, Վահե Ստեփանյանը անհնարին է համարում իր հետագա մասնակցությունը խմբի աշխատանքներին, քանի որ անդամների մոտ գերակայում էին ոչ թե փորձագիտական, այլ քաղաքական մոտեցումները», - ասված է, մասնավորապես, օմբուդսմենի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG