Մատչելիության հղումներ

Շնորհվեցին նախագահի 2008 թվականի մրցանակները


Ուրբաթ օրը նախագահական նստավայրում շնորհվեցին Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մրցանակները:

8 անվանակարգում` «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ», «Բնական գիտություններ», «Ֆիզիկա», «Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» «Գրականություն», «Արվեստ», «Կերպարվեստ եւ կինո», «Դասական երաժշտություն», 21 լավագույնները ստացան նախագահի մրցանակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցույթի բոլոր մասնակիցներին եւ հատկապես կարեւորեց երիտասարդների մասնակցույթյունը մրցույթին:

Նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց: Այս անվանակարգում արդեն չորրորդ տարին է, ինչ նախագահի մրցանակ է շնորհվում: Անվանակարգում կա երկու մրցանակ` հայ եւ օտարերկրացի գործիչների համար:

Այս տարի մրցանակի արժանացած հայազգի գործիչը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պատմաբան Վահագն Տատրյան է ԱՄՆ-ից:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց անվանակարգում մրցանակ ստացած օտարերկրացի գործիչը Գերմանացի լրագրող, հրապարակախոս Վոլֆգանգ Գուստն է: Մրցանակը նրան շնորհվեց Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանելու համար:

Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհվեց Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում երեք, իսկ դասական երաժտության բնագավառում` չորս երիտասարդների:

Դասական երաժշտության բնագավառը իր հերթին ներառում է երկու անվանակարգ` երգեցողության եւ գործիքային կատարման: Գործիքային լավագույն կատարման համար երիտասարդական մրցանակ ստացան Արուս Աճեմյանը (դաշնամուր) եւ Մերի Խոջայանը (ջութակ): «Երգեցողություն» անվանակարգում լավագույն կատարման համար մրցանակ ստացան Հասմիկ Թորոսյանը եւ Հովաննես Այվազյանը: Իսկ Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում երիտասարդական մրցանակ շնորհվեց` գեղանկարների շարքի համար` Վիգեն Սայադյանին, քանդակի համար` Գուրգեն Պետրոսյանին:

Այս տարի մրցանակ չշնորհվեց «Բժշկագիտություն», «Հումանիտար գիտություններ», «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր» անվանակարգերում, չշնորհվեցին նաեւ երիտասարդական մրցանակներ գրականության բնագավառում:

«Գրականություն» անվանակարգում նախագահի մրցանակ ստացավ Նորայր Ադալյանը` «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպի համար:

Հարցին, թե ինչու այս տարի որեւէ երիտասարդ գրող չարժանացավ երիտասարդական մրցանակի գրականության բնագավառում, երիտասարդական մրցանակի գրականության բնագավառի հանձնախմբի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց, որ պարզապես չէր ներկայացվել մրցանակին արժանի աշխատանք:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց անվանակարգում մրցանակը 10 հազարական դոլար է, մնացած անվանակարգերում` 5 հազար դոլար, իսկ երիտասարդական մրցանակները` 2,5 հազարական դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG