Մատչելիության հղումներ

Օրբանը ժամանել է Պեկին՝ «խաղաղության առաքելությամբ»


Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ, 8-ը հուլիսի, 2024թ․
Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ, 8-ը հուլիսի, 2024թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկուշաբթի օրը ժամանել է Պեկին, հաղորդում է Reuters-ը։

«Վարչապետ Վիկտոր Օրբանի խաղաղության առաքելությունը շարունակվում է», - հունգարական MTI լրատվական գործակալությանը հայտնել է Օրբանի մամուլի պատասխանատու Բերտալան Հավասին։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Թեև Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից Մոսկվայում բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի, Օրբանն իր X-ի իր էջում գրել է, որ Չինաստանում է՝ խաղաղության առաքելությամբ։

«Չինաստանը առանցքային դերակատարություն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում խաղաղության պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու եմ ես եկել Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինի հետ», - գրել է Օրբանը։

Չինաստանը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, փորձում է ներգրավել երկրներին՝ միանալու մայիսին հրապարակած վեց կետից բաղկացած խաղաղության ծրագրին: Օրբանի նախքան Պեկին այցելելը Կիևում բանակցություններ է վարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Նրա բանակցությունները Կիևի և Մոսկվայի հետ արժանացել են դաշնակիցների խիստ քննադատությանը։

«Միայն միասնությունն ու վճռականությունը ճանապարհ կհարթեն դեպի Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղություն», - ուրբաթ օրը X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Պուտինի հետ Օրբանի հանդիպումից հետո։

Օրբանը քննադատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Նա Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող ԵՄ առաջնորդն է։

Հունգարիան նաև դարձել է կարևոր առևտրային և ներդրումային գործընկեր Չինաստանի համար՝ ի տարբերություն ԵՄ այլ երկրների, որոնք ձգտում են ավելի քիչ կախվածություն ունենալ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունից:

Օրբանի այցը Չինաստան տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ, իսկ գագաթնաժողովում քննարկվելու է Ուկրաինային աջակցության տրամադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG