Մատչելիության հղումներ

100 հազար ՀՀ քաղաքացի մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրի իր եկամուտները, իսկ օնլայն հարթակը դեռ հասանելի չէ


ՀՀ ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

Համակարգը փուլային տարբերակով է ներդրվում. այս տարի պահանջը պետական և համայնքային ծառայողներին, խոշոր ձեռներեցներին է վերաբերում։

Հայաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի մինչ մայիսի 1-ը պետք է պարտադիր հայտարարագրի իր եկամուտները, օնլայն հարթակը, սակայն, դեռ հասանելի չէ:

Պետական եկամուտների կոմիտեի կայքում ֆիզիկական անձանց համար առանձին բաժին կա, համընդհանուր հայտարարագրման պատուհանն այս պահին էլ ամբողջությամբ դատարկ է։

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պետք է մուտք գործեն առայժմ անհասանելի հարթակ, որտեղ պետությունն արդեն լրացրած կլինի 2023 թվականի ընթացքում նրանց ստացած եկամուտները, եթե սխալ գտնեն կամ լրացնելու բան կունենան՝ կխմբագրեն ու կհաստատեն։

Համակարգը փուլային տարբերակով է ներդրվում. այս տարի պահանջը պետական և համայնքային ծառայողներին, խոշոր ձեռներեցներին է վերաբերում։ Հաջորդ տարի կմիանան բոլոր աշխատող քաղաքացիները, 2026-ից համակարգը կներառի բոլոր չափահասներին։

Ե՞րբ վերջապես պատրաստ կլինի օնլայն հարթակը. տարեսկզբին խոստացան՝ մարտին, հիմա ժամկետը փոքր-ինչ խմբագրում են՝ «հարթակը պատրաստ լինելուց հետո, մարտ ամսվա վերջում»:

Այսինքն՝ ավելի քան 100 հազար քաղաքացի մեկ ամիս ժամանակ է ունենալու հայտարարագիրը հաստատելու համար, իսկ դա պարտադիր քայլ է, հակառակ դեպքում նախ կզգուշացվեն, ապա կտուգանվեն 5 հազարից մինչև 50 հազար դրամով։

Այս օրենքն ընդունվել է դեռ 2022 թվականին, շատ հարկատուներ, սակայն, մինչ օրս չգիտեն ՝ ինչ պետք է անել ու ինչպես։

Վերջնաժամկետին 49 օր է մնացել, մինչ այդ քաղաքացիները դեռ պետք է հասցնեն անձի նույնականացում անցնել՝ ID քարտով կամ բջջային օպերատորի միջոցով:

Սկզբից մինչև «Հաստատել» կոճակը բազմաքայլ կոմբինացիայի հաջորդականությունը ՊԵԿ ՏՏ վարչության ներկայացուցիչ Լուսինե Այվազյանն է ներկայացնում.

«ID քարտի համար պետք է ունենալ ID քարտ, որտեղ առկա է չիպ՝ խնդրում եմ դա հաշվի առնել, որովհետև որոշակի ժամանակահատվածից սկսած ID քարտերը տրամադրված են առանց չիպի: Եթե անձը ունի ID քարտ և ունի չիպ և պահպանել է այդ ID քարտի PIN և PUK կոդերը, տրամադրման ժամանակ ֆիզիկական անձին տրամադրվում է ծրար, որտեղ առկա են PIN և PUK կոդերը: Միևնույն ժամանակ, ID քարտով մուտք գործելու համար անձը պետք է ունենա նաև ID քարտը կարդացող սարք՝ «Ես եմ» համակարգով նույնականացնելու գործընթացն է այդպիսին: Իսկ եթե mID-ի պրոցեսին է ինքը ներկայացնում, պետք է ունենա ID քարտ, ID քարտով պետք է մոտենա բջջային օպերատորին՝ իր բջջային օպերատորին կամ այլ՝ ինքն է նախընտրում, բջջային օպերատորի կողմից տրամադրվում է SIM քարտ, տեղադրվում է հեռախոսի մեջ»:

Փորձագետները դեռ մեկուկես տարի առաջ էին զգուշացնում հնարավոր տեխնիկական խնդիրների մասին ու հորդորում ամեն ինչ լավ մշակել ու տեղեկացնել մարդկանց։ ՊԵԿ-ը վերջնաժամկետից մեկուկես ամիս առաջ դեռ PIN և PUK կոդերի տարբերությունն է բացատրում։

XS
SM
MD
LG