Մատչելիության հղումներ

Ի՞նչ փոփոխություններ ուժի մեջ կմտնեն 2024-ին


Վարչապետ Փաշինյանի «սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ» կոչով սկսված 2024-ը խոստացված երկու խոշոր համակարգային փոփոխությունների տարի է։ Կգործարկվեն եկամուտների համընդհանուր հայտարարագրման ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգերը։

Նորամուծությունների առաջին շահառուները Հայաստանի շուրջ 100 հազար քաղաքացիներ կլինեն։ Նրանք մինչև մայիսի մեկը պետք է պարտադիր հայտարարագրեն 2023 թվականին ունեցած իրենց եկամուտները՝ աշխատավարձից մինչև վարձով տված գույքի գումարները։

Հայաստանի ամենախոշոր հարկային բարեփոխումներից մեկը՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլ առ փուլ է կիրառվելու։ Այս տարի պահանջը վերաբերում է պետական ու համայնքային ծառայողներին, խոշոր ձեռներեցներին։ Հաջորդ տարի համակարգին ավելի մեծ թվով քաղաքացիներ կմիանան, 2026-ից արդեն այն պարտադիր կլինի բոլոր չափահասների համար։ Եթե հայտարագիր չներկայացնեն, սկզբում կնախազգուշացվեն, ապա կտուգանվեն 5-ից 50 հազար դրամով։

«Փորձ է կատարվում հասարակության մեջ արմատավորել հարկեր վճարելու, սեփական եկամուտները հայտարարագրելու, հարկեր վճարելու ավանդույթը։ Ինչքան էլ ինքը դժվար լինի, բայց, այնուհանդերձ, անհրաժեշտ է այդ ավանդույթը ձևավորել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Եկամուտները պետությանը ներկայացնելու պարտավորություն քաղաքացիները հիմա էլ ունեն, բայց շատերը կողմնակի մուտքերը թաքուն են պահում, որ լրացուցիչ հարկեր չվճարեն։

Համակարգը կփոխի՞ մարդկանց մոտեցումն ու որքանո՞վ կնպաստի հարկային մուտքերի աճին, գործադիրում նախնական գնահատականներ դեռ չեն տալիս, քանի որ գործնականում մարդկանց կողմնակի եկամուտների մասին գրեթե ոչ մի տվյալ չունեն։

Իշխանությունները խոստանում են՝ պարտաճանաչությունը կխրախուսվի՝ վճարված եկամտահարկի մի մասը պետությունը կվերադարձնի մարդկանց առողջապահական ու կրթական ծախսերը հոգալու համար։

Այս բարեփոխումը ուղիղ փոխկապակցված է մյուս առանցքային նորամուծության հետ. իշխանությունները ծրագրում են այս տարվա երկրորդ կեսից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։

Բյուջե 2024-ով արդեն իսկ ավելի քան 40 միլիոն դոլար է հատկացվել Առողջապահության նախարարությանը առաջին փուլի համար։ Համակարգի առաջին շահառուներն, ըստ պատասխանատուների, անչափահասները, հաշմանդամություն ունեցողներն ու նպաստառուները կլինեն։

Չնայած այս ամենին՝ համապատասխան որոշումներն ու օրենսդրական փոփոխությունները դեռ չեն իրականացվել։ Պատասխանատուները խոստանում են առաջիկայում օրենսդրական մի մեծ փաթեթ ուղարկել խորհրդարան։

Վստահեցնում են՝ շուկան հետազոտել են, ծախսերն էլ՝ հաշվարկել։ Համաշխարհային բանկի փորձագետները, մինչդեռ, ավելի վաղ խորհուրդ էին տվել համակարգը ներդնելուց առաջ տասը չափել, նոր կտրել՝ գնահատումները զգուշությամբ իրականացնել՝ հարկաբյուջետային համակարգի վրա հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։

Ամանորին ընդառաջ սոցցանցերի օգտատերերը սրամիտ կատակներով ազդարարեցին մեկ այլ աղմկոտ փոփոխության մեկնարկը. «Քանի շուտ է՝ հանեք մեքենաները կենտրոնից, եթե չեք ուզում պարտքերի տակ ընկնել»։

Երևանի կենտրոնում մեքենա կայանելը հունվարի 1-ից շատ ավելի թանկ արժե։ Մայրաքաղաքի սրտում առանձնացված կարմիր գծերից օգտվելու տարեկան վճարը 13 անգամ ավելացնելով ու 160 հազար դրամ սահմանելով՝ քաղաքային իշխանությունները նպատակ ունեն խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափել։ Հաշվարկել են՝ քաղաքացիները այսպիսով սեփական ավտոմեքենաների փոխարեն հանրային տրանսպորտով աշխատանքի կգան-կգնան։

Ընդդիմախոսներն էլ հակադարձում են՝ այս փոփոխությունն արդյունավետ չի լինի, քանի դեռ հանրային տրանսպորտը հեռու է իդեալականից։ Քաղաքային իշխանություններն արձագանքում են՝ այս ամսվա ավարտին 30 նոր ավտոբուս են ավելացնելու, ևս 200-ն էլ՝ մինչև տարեվերջ։

Մեկ այլ նորամուծություն էլ նախատեսված է օնլայն տաքսիների համար։ Այս ծառայությունները սեպտեմբերից հարկային դաշտ կմտնեն ու պետությանը տուրք կվճարեն։ Չնայած այս հարթակներով իրականացվող մեծաթիվ պատվերներին, վերջին տարիներին դրանց շեշտակի ընդլայնմանն ու մեծ դրամաշրջանառությանը՝ այս հարթակները մինչ օրս չէին կարգավորվում, պետությունն անգամ չգիտի, թե քանի աշխատող է ներգրավված այս համակարգերում, ու որքան գումար է պտտվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG