Մատչելիության հղումներ

Հայաստանի շուրջ հարյուր հազար քաղաքացի մինչև մայիսի մեկը պետք է պարտադիր հայտարարագրի իր եկամուտները


Հայաստանի շուրջ հարյուր հազար քաղաքացիներ՝ պետական և համայնքային ծառայողները, խոշոր ձեռներեցները մինչև հաջորդ տարվա մայիսի մեկը պետք է պարտադիր հայտարարագրեն 2023 -ի ընթացքում իրենց ստացած բոլոր եկամուտները՝ աշխատավարձից մինչև վարձով տված գույքի գումարը։

Պետությունը խոստանում է՝ պարտաճանաչները կխրախուսվեն, ու հավաստիացնում՝ այս ամենը քաղաքացիներից երկար ժամանակ չի խլի պետք է մտնեն առայժմ մշակման փուլում գտնվող էլեկտրոնային հարթակ ու նույնականացվեն։ Հարթակում կգտնեն իրենց հայտարարագերի նախնական տարբերակները, որտեղ նշված կլինեն բոլոր այն եկամուտները, որոնց մասին պետությունը գիտի։ Քաղաքացին կստուգի դրանք, եթե ավելացնելու կամ փոխելու բան լինի, կանի ու կհաստատի։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանի ամենախոշոր հարկային բարեփոխումներից մեկն է։ 2025-ի գարնանն ավելի մեծ թվով քաղաքացիներ կներկայացնեն իրենց եկամուտները, 2026-ից էլ բոլոր չափահաս քաղաքացիները կմիանան համակարգին, եթե հայտարագիր չներկայացնեն, սկզբում կնախազգուշացվեն, ապա կտուգանվեն 5-ից 50 հազար դրամով։

«Փորձ է կատարվում հասարակության մեջ արմատավորել հարկեր վճարելու, սեփական եկամուտները հայտարարագրելու, հարկեր վճարելու ավանդույթը։ Ինչքան էլ ինքը դժվար լինի, բայց այնուհանդերձ անհրաժեշտ է այդ ավանդույթը ձևավորել», - ասաց Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Եկամուտները պետությանը ներկայացնելու պարտավորություն քաղաքացիները հիմա էլ ունեն, բայց շատերը կողմնակի մուտքերը թաքուն են պահում, որ լրացուցիչ հարկեր չվճարեն։

Համակարգը կփոխի՞ մարդկանց մոտեցումն ու որքանո՞վ կնպաստի հարկային մուտքերի աճին, գործադիրում նախնական գնահատականներ չեն տալիս, քանի որ գործնականում մարդկանց կողմնակի եկամուտների մասին գրեթե ոչ մի տվյալ չունեն։ Պետությունն այս համակարգի կիրառմամբ առաջին հերթին հույս ունի ավելի շատ բան իմանալ։ Նպատակը որպես այդպիսին ոչ թե ստվերը կրճատելն է, այլ վիճակագրություն ունենալը, ասում է Օրի Ալավերդյանը. - «Չունենալով եկամուտների մասին տեղեկատվություն՝ պետական աջակցությունը ավելի թիրախային հնարավոր չի լինում դարձնել, որովհետև չկա տեղեկատվություն, թե մարդիկ ինչ կարգի եկամուտներ ունեն, մյուս կողմից էլ խնդիր կա այդ մարդկանց աջակցություն ցուցաբերել, ու ստիպված ես լինում բոլորին աջակցություն ցուցաբերել, որովհետև չգիտես, թե ով ինչքանի կարիք ունի»։

Մարդկանց եկամուտները ջրի երես հանելու համար բարեփոխումը առանցքային բաղադրիչ է ավելացնում՝ պարտաճանաչությունը կխրախուսվի. վճարված եկամտահարկի մի մասը պետությունը կվերադարձնի մարդկանց առողջապահական ու կրթական ծախսերը հոգալու համար։ Ըստ էության, գործող կարգավորումների համեմատ հիմնական փոփոխությունը հենց սա է։

Քաղաքացիները կկարողանան նշել, թե հաշվարկային տարվա ընթացքում առողջապահական և կրթական ուղղություններով ինչ ծախսեր են կատարել իրենց կամ ընտանիքի մյուս անդամների համար։ Օրինակ, եթե ծնողներն ուսանող երեխայի վարձն են վճարել՝ հայտարագիրը լրացնելիս, կցելով այդ վճարումները հավաստիացնող փաստաթղթերը, գումարի մի մասը հետ կստանան։ Կառավարությունը սահմաչափեր կկիրառի՝ կրթական ծախսերի համար 100 հազար դրամ, առողջապահականի դեպքում՝ 50 հազար։

Համակարգին միացողների առաջին խումբը, որոնք մինչ 2024-ի մայիս պետք է հայտարարագրեր ներկայացնեն, հաջորդ տարի արդեն կկարողանան օգտվել վերադարձից, մյուսները կխրախուսվեն համակարգին միանալուն զուգահեռ։ Բնակարան ձեռք բերելու համար այժմ էլ գործող եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվողների համար լրացուցիչ հաշվարկի կարիք կլինի։

ՊԵԿ պաշտոնյա Աշոտ Սեմերջյանը բացատրում է՝ վերադարձը կրթական բոլոր ծրագրերին է վերաբերում՝ մանկապարտեզից՝ ասպիրանտուրա. - «Եվ նախադպրոցական, և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության»։

Արդյո՞ք 100 հազար դրամն այն գումարն է, որ մարդիկ ոգևորվեն ու հայտարարագրեն իրենց եկամուտները։ Գործադիրից արձագանքում են՝ բյուջեն սրա հնարավորությունն է տալիս, ու հավելում՝ միջին վիճակագրական հայաստանցու համար 100 հազար դրամը քիչ փող չէ։ Հետագայում սահմանաչափերը կարող են վերանայվել, շատ բան կախված կլինի, թե ինչ արդյունքներ կլինեն համակարգի մեկնարկից հետո։ Թեև հայտարարագրման վերջնաժամկետին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, բայց կառավարությունը քաղաքացիների իրազեկման հանրային արշավ դեռ չի սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG