Առաջադրումների ավարտից ընդամենը հինգ օր առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) լքում է Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքը:
Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այս մասին տեղյակ է պահել անձամբ Պաշտպանության նախկին նախարարին՝ բարձրաձայնելով սկզբունքային տարաձայնությունների մասին:
«Նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտվեց բոլոր դաշինքային սկզբունքները: Այսինքն, առաջին հերթին պետք է ձևավորվեր խորհուրդ՝ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին, կոնսենսուսային որոշումներ ընդունեին: Չեղավ այդպիսի բան», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, ձևավորված դաշինքն այդպես էլ չի կազմել նախընտրական միասնական ծրագիր, մինչև վերջին պահն իրենք չեն իմացել, թե ովքեր, որ ուժերն են ընդգրկված դաշինքում:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հիշեցնեմ, հուշագիր էր ստորագրել Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ դաշինքը Սեյրան Օհանյանն է առաջնորդելու:
«Ամբողջովին կենտրոնացած էին այսպես ասած ցուցակի կազմման հարցի վրա՝ ով ինչքան հնարավոր տեղ ունենա, ինչ տեղ գրավի և այլն, և այլն: Այս ամենից ելնելով՝ մենք հիմա հայտարարում ենք, որ չեղած դաշինքից դուրս ենք գալիս, էդպես է ստացվում: Այսինքն, մենք չեղարկում ենք մեր մասնակցությունը այն հայտարարություն հետ կապված, որը արել ենք երեք կուսակցություններով»:
Սեյրան Օհանյանից Արամ Սարգսյանը բացատրություններ չի ստացել, ասաց, որ դրա կարիքը չունի․ - «Մնացածը արդեն իրենց գործն է: Ես իրենց բոլորին հաջողություն եմ ցանկանում՝ եթե, իհարկե, կլինի այդ դաշինքը և չգիտեմ ինչ կլինի այդ դաշինքը»:
Արամ Սարգսյանը թերևս ակնարկում է մամուլում շրջանառվող լուրերը, թե երկուշաբթի էլ դաշինքը լքելու է Վիկտոր Դալլաքյանը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը:
Հուշագիրը ստորագրած երրորդ կուսակցության՝ «Համախմբան» խոսնակը, մինչդեռ, արդեն չի բացառում, որ ի վերջո իրենք միայնակ մասնակցեն ընտրություններին․ - «Եթե անգամ հնարավոր չլինի դաշինքով գնալ ընտրությունների, ինչը, բնականաբար, մենք շատ ենք ցանկանում, և ամեն ջանք գործադրել ենք այդ ուղղությամբ, «Համախմբում» կուսակցությունը հնարավոր է որոշում կայացնի միայնակ գնալու և մենք վստահ ենք մեր ուժերի վրա»:
Այս դեպքում, սակայն, անորոշությունն ավելի կխորանա անձամբ Սեյրան Օհանյանի շուրջ․ նա որևէ կուսակցության չի անդամակցում, ու դաշինք չկազմելու դեպքում կհամաձայնի՞ արդյոք ընդրկվել Օսկանյանի կուսակցության ցուցակում:
Արամ Սարգսյանի հեռանալու մասով «Համախմբան» խոսնակ Արեգնազ Մանուկյանը փոխանցեց՝ ընդունում են ի գիտություն․ - «Սկզբունքները, որոնք հիմք էին հանդիսացել դաշինքը ստեղծելու համար, որևէ փոփոխության չեն ենթարկվել: Տարակարծությունների, տարաձայնությունների մասին տեղեկություններ չունեմ, բայց եթե անգամ խնդիրը ցուցակների հետ է կապված, ապա դա շատ երկրորդական և շատ անկարևոր հարց եմ ես համարում, որովհետև առավել կարևորը համախմբելն է, ընդդիմադիր բևեռ, իշխանության այլընտրանքային բևեռ ձևավորելն է»:
Մանուկյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից ընդամենը օրեր առաջ հուշագիրը ստորագրած ուժերից մեկի կողմից դաշինքը լքել է հարված է դաշինքին․ - «Ես չեմ կարծում, որ հարված է, որովհետև մենք ինչպես որ սկսել ենք մեր աշխատանքները՝ շատ ակտիվ, վստահ, այնպես էլ շարունակում ենք»:
Արամ Սարգսյանը նույնպես կարծում է, որ իրենց որոշումը վերջին պահին դաշինքին հասցված հարված չէր՝ հակադարձելով, թե դեռ վերջին պահը չէ․ - «Մենք չենք ջլատողը, մենք չենք ուզել, որպեսզի չկայանա»:
ՀԴԿ նախագահը հավաստիացրեց, որ իր մտերիմ ընկերը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ազդեցություն չի ունեցել այս որոշման վրա:
Արամ Սարգսյանը բանակցություններ է վարելու այլ ուժերի հետ՝ փորձելով այնուամենայնիվ մասնակցել առաջիկա ընտրություններին․ - «Անհամեմատ ավելի լավ կլինի, եթե մենք զուլալված կազմով գնանք, քան թե այս անորոշության մեջ»: