Մատչելիության հղումներ

Հավանական է, որ ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը․ Վարդան Օսկանյան


Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կղեկավարի նորաստեղծ դաշինքի նախընտրական ցուցակը՝ մնալով անկուսակցական: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տեղեկացրեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը դաշինք է կազմել Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետության» և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցության հետ:

Վարդան Օսկանյան․ - Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա: Նա այս պահին կուսակցական չէ: Ես կարծում եմ՝ այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա նաև մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անել հետագայում, երբ որ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան:

«Ազատություն»․ - Այսինքն, ինչպիսին էլ վերջնականում լինի ձեր դաշինքը, Սեյրան Օհանյանը լինելո՞ւ է այդ դաշինքում:

Վարդան Օսկանյան․ - Այո, ես կարող եմ դա արդեն հաստատել, որ նա անպայման ներգրավված է լինելու:

«Ազատություն»․ - Դուք հանդիպել եք Սեյրան Օհանյանի հետ, և, բնականաբար, փորձել եք հասկանալ՝ ինչու նա որոշեց ընդդիմադիր դաշտում հայտնվել: Ի վերջո նա տևական ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի թիմի անդամ, իշխող Հանրապետականի հենարան, և միանգամից հայտնվելով ընդդիմադիր դաշտում և հայտարարելով, որ վերջապես պետք է վստահության վրա ձևավորված իշխանություն գա, մի տեսակ անհամոզիչ է թվում: Դուք Ձեզ համար հասկացե՞լ եք, ինչո՞ւ Սեյրան Օհանյանը այսպես կտրուկ որոշեց իշխանական դաշտից տեղափոխվել արմատական ընդդիմադիր դաշտ:

Վարդան Օսկանյան․ - Ցանկացած հայրենասեր մարդ, որ մտահոգված է այս երկրի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ կուզենային նման քայլ անել, բայց երևի իրենց համարձակությունը չի հերիքում, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ իշխանությունը արդեն սպառել է իրեն և փոփոխություն է պետք:

Սեյրան Օհանյանը այն մարդն էր, որ ունեցավ համարձակությունը, որովհետև մտահոգ է երկրի ապագայով, պատկերացնում է լուծումները, տեսնում է խնդիրները և որոշեց դուրս գալ իշխանությունից, որպեսզի կարողանա ինքնուրույն մասնակցել ընտրություններին իր համախոհ մարդկանց հետ: Եվ այդ համախոհներից մեկը ես եմ:

Ես Սեյրան Օհանյանին շատ լավ եմ հասկանում, որովհետև մոտավորապես նույն բանը ես եմ արել 2008 թվականին: Տարբերությունը այն է, որ ես առաջին պահին չեմ ընդունել առաջարկությունը իշխանության մեջ լինելու, որովհետև ես արդեն այս խնդիրները իմ իշխանության մեջ եղած շրջանին տեսել էի, պատկերացնում էի և զգում էի, որ ընդդիմադիր դիրքերից պետք է ինչ-որ մի պահ հանդես գան այնպիսի մարդիկ, որոնք եղել են իշխանության մեջ, տեսնում են խնդիրները և նաև կարող են լուծումներ առաջարկել:

Ես իսկապես շատ ուրախ եմ, որ Սեյրան Օհանյանն էլ, գոնե այս պահին, այդ քայլը արեց, որպեսզի մենք կարողանանք մեր ջանքերը միացնել և կարողանանք ժողովրդին իսկապես այլընտրանք տալ:

Շատ ուժեղ, լավ կորիզ է ձևավորվում այստեղ: Իմ և Սեյրան Օհանյանի՝ միասին քաղաքական դաշտում ներկայանալը ժողովրդին պետք է տա այդ այլընտրանքը, որը իրենք ուզում են տեսնել հաջորդ ընտրությունների նախաշեմին:

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ հենց Սեյրան Օհանյանն էլ կգլխավորի Ձեր դաշինքի նախընտրական ցուցակը:

Վարդան Օսկանյան․ - Չեմ բացառում: Հնարավոր է: Բայց այս պահի դրությամբ այդ հարցն էլ չի քննարկվել: Այնպես որ, երբ հարց ես տալիս՝ հնարավո՞ր է Սեյրան Օհանյանը, ես կարող եմ ասել՝ չեմ բացառում:

«Ազատություն»․ - Կարելի՞ է ենթադրել, որ նա էլ հենց կլինի Ձեր վարչապետի թեկնածուն: Դուք Սեյրան Օհանյանին տեսնո՞ւմ եք այդ պաշտոնում, ինչ եք կարծում:

Վարդան Օսկանյան․ - Իհարկե՝ Սեյրան Օհանյանը կարող է լինել, ես կարող եմ լինել, այլ թեկնածուներ էլ կան, որ կարող են լինել: Այդ հարցը վաղ է դեռ խոսելու:

«Ժառանգության» հետ տարակարծություններ չունենք

«Ազատություն»․ - Դուք բանակցում էիք նաև «Ժառանգության» հետ, հանդիպումներ էիք ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց դաշինքում «Ժառանգությունը» չընդգրկվեց: Ինչո՞ւ, ո՞րն էր պատճառը:

Վարդան Օսկանյան․ - Մեր խնդիրը «Ժառանգության» հետ չէր: «Ժառանգությունը», ինչպես իրենք հրապարակային արդեն ասում են, իրենց ներսում դեռևս որոշում չունեն: Իհարկե, մեզ համար շատ ցանկալի կլիներ, որ հենց այդ կորիզում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ լիներ: Ես չեմ բացառում, որ կարող է ապագայում միանան: Տարակարծություններ՝ գաղափարական, ծրագրերի, մոտեցումների, չունենք:

Ես ամենաշատն եմ հետաքրքրված, որպեսզի «Մարտի 1»-ը բացահայտվի

«Ազատություն»․ - Դուք խոսեցիք «Ժառանգության» ներսում գոյություն ունեցող տարակարծությունների մասին: Ինչպես գիտեք՝ հենց տարակարծություններից մեկն էլ Ձեզ հետ, նաև Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունն է: Մասնավորապես, «Ժառանգության» առանցքային գործիչներից Զարուհի Փոստանջյանը նշում է, որ Դուք և Սեյրան Օհանյանը պատասխանատու եք «Մարտի 1»-ի իրադարձությունների համար, և քանի դեռ չեք ընդունել Ձեր մեղքը, համագործակցությունը անհնար է: Քաղաքական մասով Դուք Ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք այդ իրադարձությունների համար:

Վարդան Օսկանյան․ - Ես միշտ ասել եմ՝ ես պատասխանատու եմ այնքանով, ինչքանով այդ իշխանության մաս եմ եղել, որի օրոք «Մարտի 1» է տեղի ունեցել: Այդ իմաստով, իհարկե, ես պատասխանատու եմ զգում: Բայց դրանից այն կողմ՝ ընդհակառակը, ես շատ հանգիստ եմ զգում իմ խղճում, մտքում, որ ես այդ օրը առնվազն փորձ եմ արել, ի տարբերություն շատերի, ներառյալ ընդդիմության գործիչների, որ փորձել եմ կանխել այդ «Մարտի 1»-ը: Հիմա շատ է խոսվում՝ պատասխանատվության կանչել, դատարանի առաջ կանչել․․․ ես առաջիններից եմ ամենաշատը հետաքրքրված, որ իսկապես մինչև վերջ այս հարցը բացահայտվի:

«Ազատություն»․ - Այսինքն՝ պետք է բոլորը գան, ցուցմունք տան, բոլոր նախագահները․․․

Վարդան Օսկանյան․ - Բոլորը, ովքեր այդ օրը քաղաքական դաշտում են եղել, ներառյալ ընդդիմության անդամները: Բոլորը՝ երկու կողմից էլ: Ուղղակի թափանցիկ փորձել պարզել՝ իսկապես այդ օրը ի՞նչ է տեղի ունեցել, որպեսզի հետագայում մենք կարողանանք կանխել նման իրավիճակները:

«Ազատություն»․ - Գլխավոր հարցը, որ հնչում է՝ թե կրակելու հրամանն ո՞վ տվեց: Ի վերջո այդ կրակոցների հետևանքով մենք ունեցանք այդ 10 սպանությունները, զոհերը:

Վարդան Օսկանյան․ - Բնական է, որ այդ հրամանը տվողը ես չէի կարող լինել, չէ՞: Ես կարծում եմ՝ բոլորը դա հասկանում են: Դրա համար հետաքննություն է պետք: Դժվար է ասել՝ հրաման եղել է, չի եղել, ով է տվել․․․ իրոք այդ օրերին այնքան խառը իրավիճակ էր, որ ցանկացած բան կարող էր լինել: Դրա համար էլ, իսկապես, ես համաձայն եմ, որ թափանցիկ հետաքննություն լինի և պարզվի այդ բոլորը:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ չի լինում դա այսքան տարի անց:

Վարդան Օսկանյան․ - Դա արդեն պետք է հարց տալ այսօրվա իշխանություններին: Ամեն ինչ նրանց ձեռքին է, եթե ուզենան՝ կանեն: Եթե չեն անում, երևի ինչ-որ պատճառներ կան դրա համար։

Օսկանյանը չի բացառում «Ծառուկյան դաշինքին» միանալու հնարավորությունը

«Ազատություն»․ - Վերադառնանք Ձեր դաշինքին: Հնարավո՞ր է, որ ի վերջո Ձեր ձևավորած դաշինքը միանա արդեն իսկ ստեղծված «Ծառուկյան դաշինքին»:

Վարդան Օսկանյան․ - Մենք առաջին օրից էլ ասել ենք, որ ոչինչ չենք բացառում: Մի բացառություն կա՝ գործող իշխանության հետ որևէ գործ չենք ուզում ունենալ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում:

«Ազատություն»․ - Այսինքն ի վերջո հնարավոր է ինչ-որ մի պահի՝ նման միավորում լինի:

Վարդան Օսկանյան․ - Ոչ մի բան չենք բացառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG