Մատչելիության հղումներ

Ձգտում ենք միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորել. Ստեփան Մարգարյան


«Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների ձևավորած դաշինքը պատրաստ է քննարկել Գագիկ Ծառուկյանի և «ԵԼՔ դաշինքի» հետ համագործակցությունը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու նպատակով։

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ այժմ աշխատում են միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու ուղղությամբ:

«Արդեն երևում է, որ արդեն մի քանի դաշինքներ են մասնակցելու, դա արդեն զգացվում է: Ժամանակը շատ դինամիկ է, հնարավորություն կա նաև ավելի լայն համախմբում իրականացնելու: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ դա լինի», - նշեց Մարգարյանը՝ հավելելով՝ նպատակը այն է, որ ընտրությունների ժամանակ հստակ երկու կողմ լինի՝ իշխանություն և միասնական ընդդիմություն։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ըստ Մարգարյանի, այլ ուժերի հետ էլ է բանակցել և առաջիկայում, նրա կարծիքով, Օհանյանն էլ մի շարք ուժերի հետ կմիանա իրենց դաշինքին։

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն, բայց դաշինքում չի լինի՝ նա քաղաքականությամբ չի ցանկանում զբաղվել։

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ձևավորած «ԵԼՔ դաշինքի» հետ որոշակի համաձայնեցումներ կան, բայց միանալու որոշում դեռ չկա։

Ստեփան Մարգարյանն ասաց, որ ողջունում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և ցանկանում են նրա հետ համագործակցել: Առաջիկայում կարծում է՝ Ծառուկյանի հետ խորհրդակցություն կունենան․ - «Ողջունում ենք Գագիկ Ծառուկյանի մուտքը և նոր դաշինք ձևավորելը, որովհետև դա այն նույն սցենարից է, ինչ մենք պատկերացնում էինք, ինչը մեզ համար ցանկալի էր, որ եթե ոչ միասնական՝ ապա մի քանի դաշինքներ լինեն»:

Արդյոք Գագիկ Ծառուկյանը կղեկավարի միասնական դաշինքը, թե՞ ոչ՝ Մարգարյանը դեռ չի ցանկանում խոսել։

Դաշինքի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Սեյրան Օհանյանի հետ սերտորեն համագործակցում են, իսկ դաշինքին միանալու նպատակով «Ժառանգություն» կուսակցության հետ բանակցությունները դեռ շարունակվում են: - «Կտեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն, արդեն իրենցից է կախված», - նշեց Սարգսյանը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ կուսակցությունը որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունի, հիմա տարբեր ուժերի հետ քննարկումներ են անցկացնում դաշինքի շուրջ:

Արամ Սարգսյանի խոսքով էլ երեկվա հայտարարությամբ երեք ուժերը դաշինքի միայն սկիզբն են դրել: Նա ակնարկեց, որ արդեն այսօրվանից այլ ուժերի կողմից իրենց միանալու մասին հայտարարություններ կլինեն: Պնդեց՝ իրենց նպատակը ընտրություններում հաղթելն ու երկրում փոփոխություններ անելն է:

«Մենք խնդիր ունենք հասնել և այս համակարգը փոխել այլ համակարգով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը:

«Ազատության» ճշտմանը՝ խոսքը իշխանափոխություն անելո՞ւ մասին է, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը պատասխանեց․ - «Ոչ: Ես արդեն բոլորին ասում եմ՝ իշխանափոխությունը դա մի տեսակ մեխանիկական հասկացություն է՝ իշխանություն փոխել: Կառավարություն ամեն անգամ փոխում ենք, որևէ բան փոխվո՞ւմ է: Ոչ թե իշխանություն փոխել, այլ իշխանության որակը փոխել, իշխանության գաղափարախոսությունը փոխել, իշխանության ծրագիրը փոխել: Այսինքն՝ այս գործող համակարգից հրաժարվել և ձևավորել նոր, արդար համակարգ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG