Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը իր թեկնածությունը չի առաջադրելու առաջիկա ընտրություններին


Հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով առաջիկա ընտրություններին իր մասնակցության շուրջ վերջին շրջանում բանակցություններ էր վարել տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու:

«Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ», - հայտարարել է Սուքիասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ է ունեցել:

«Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին», - հավելել է գործարարը՝ շարունակելով, - «Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձևն է: Հետևաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու և շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը»:

Հայտարարությունը եզրափակելով՝ Խաչատուր Սուքիասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն է մաղթել «բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը»:

XS
SM
MD
LG