Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը «հետաքրքիր քննարկում է ունեցել» Գագիկ Ծառուկյանի հետ


Հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդիպել է օրերս քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ։ «Ազատությանը» տված հարցազրույցում գործարարն ասաց, որ հետաքրքիր քննարկում են ունեցել, բայց թե ինչ առաջարկ է ստացել՝ առայժմ չցանկացավ ասել։

«Այո, հանդիպել եմ, քննարկումներ ենք ունեցել՝ շատ հետաքրքիր», - ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը հերքում է այսօր մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը Ծառուկյանի կողմից ձևավորվելիք դաշինքի շտաբի պետն է լինելու: Գործարարն ասաց, որ այժմ տարբեր ուժերի հետ է քննարկումներ անցկացնում, հանդիպել է նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, «ԵԼՔ դաշինքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ գործիչների հետ:

«Համարում եմ, որ այս փուլում դա լավագույն և իրական և շատ կարևոր գործընթաց է, որ պետք է անցնես: Բոլորին պետք է լսես, բոլորի հնարավորությունները պետք է ինքդ գնահատես: Իրենց տված գնահատականները իրենց մասին՝ դա նույնպես պետք է դրա իրատեսության աստիճանը գնահատես: Այդպիսի փուլ է այս պահին», - պարզաբանեց նա:

Գործարարն ասաց, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը կախված է տարբեր ուժերի հետ իր կոնսուլտացիաների արդյունքներից: Միևնույն ժամանակ նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նման մարդկանց վերադարձը քաղաքականություն ողջունում է․ - «Այնպիսի մարդկանց, ովքեր կայուն են, գործունեություն են ծավալել, ստեղծել են, ունեն միջավայր, ունեն ընկալում, հասարակության հետ ունեն բաց շփումներ: Այդպիսի մարդիկ պետք է ունենան իրենց ուրույն տեղը Հայաստանի Հանրապետության և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ հասարակական կյանքում»:

Խաչատուր Սուքիասյանի խոսքով փոփոխված սահմանադրությունը նոր իրավիճակ է ստեղծել, ինքը պետք է լրջորեն ուսումնասիրի, թե ինչ մարդկանց հետ է հայտնվելու խորհրդարանում, ինչպես են նրանք պատկերացնում Հայաստանի զարգացումը առնվազն առաջիկա 5 տարիներին։ Եթե համակիրներ գտնի՝ կմիանա այդ թիմին: Գործարարը պնդեց, որ իր համար կարևորը արտահանման վրա հիմնվող տնտեսություն ստեղծելու գաղափարն է․ - «Թիվ մեկ գաղափարը պետք է լինի՝ ինչ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի կայուն, ունենա զարգացող տնտեսություն, հասարակությանը նվիրի բարեկեցիկ կյանք: Այդ ամեն ինչի համար պետք է Հայաստանը ունենա հզոր, ժամանակակից սարքավորումներ, տեխնոլոգիաներ և ունենա շատ-շատ մեծ քանակի արտահանման ծավալներ»:

2008-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար Սուքիասյանը չի փոշմանել․ կարծում է, որ այդ տարվա իրադարձությունները մարդկանց մտքում շատ բաներ փոխեցին, թեկուզ նաև այն իմաստով, որ գործարարը կարող է իշխանություններին չաջակցել․ - «Հիմա ես ավելի մեծ փորձ ունեմ, ավելի մեծ դժվարությունների միջով անցած մեկն եմ, այնպես որ դրանք մեզ ավելի կոփեցին, օգնեցին: Բայց այն, ինչ ես ուզել եմ ժամանակին և ուզում եմ բոլոր ժամանակներում, դա այն է, որ Հայաստանում իմ եկող սերունդները, երեխաները շատ լավ երկրում ապրեն: Սա է՝ այլ ցանկություն չկա»:

Խաչատուր Սուքիասյանի որոշումը մեկ այլ հարցում հստակ է՝ եթե միանա որևէ ուժի, ապա ընտրություններում կառաջադրվի Կենտրոն համայնքը ներառող ընտրատեղամասում: Այստեղից նա մի քանի անգամ նախկինում պատգամավոր էր ընտրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG