Չի բացառվում, որ ՀԺԿ նախագահը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»:
Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, և չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:
Ստեփան Դեմիրճյանն առավոտյան «Ազատությանն» ասաց, որ հանրության առջև հանդես կգա քննարկումնների ավարտից հետո միայն:
«Ուրեմն, քննարկումներ եղել են, եղել են, եղել են հանդիպումներ, մենք դաշինքային հարաբերությունների մեջ ենք առայսօր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, հանդիպում է եղել նաև Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, էսքանը: Բայց կոնկրետ որոշումներ դեռ չի կայացվել, որոշումները կլինեն մինչև ամսվա վերջ», - «Ազատությանը» փոխանցեց Գրիգոր Հարությունյանը:
Երեկ Armday.am-ը գրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում լինելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, երրորդում՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, չորրորդ ու հինգերորդ տեղերում կլինեն ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
«Ի դեպ, նաև էդ թեմայով էլի հրապարակումներ են եղել՝ կապված Ստեփան Դեմիրճյանի՝ ցուցակում տեղ զբաղեցնելու հետ, եթե հիշում եք՝ Հայ ազգային կոնգրեսում ներկայացնում էին 6-րդ հորիզոնական, այլ դաշինքի մեջ՝ 8-րդ հորիզոնական: Էդ բոլորը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, և նորից ֆիքսենք՝ Ստեփան Դեմիրճյանը և ՀԺԿ-ի որևիցե անդամ այլ կուսակցության ցուցակով երբեք հանդես չի գալու՝ սա միանշանակ է: Եվ էս թեման ուզում եմ մենք փակենք ընդհանրապես, որպեսզի էդ հրապարակումները որ լինում են, թյուրըմբռնում չառաջացնի ժողովրդի մոտ», - հայտարարեց Հարությունյանը:
«Ազատություն»․ - Ես ուզում եմ, ամեն դեպքում, հստակություն մտցվի: Կուսակցության ցուցակով՝ ոչ, բայց նախընտրական դաշինքների ցուցակով, թերևս, այո, Դուք էլ ասացիք․․․
Գրիգոր Հարությունյան․ - Դաշինքով՝ բնականաբար:
«Ազատություն»․ - Հիմա, հարցը հետևյալն է․ Գագիկ Ծառուկյան և Ստեփան Դեմիրճյան հանդիպմանը քննարկվե՞լ է դաշինքով միասին գնալու տարբերակը:
Գրիգոր Հարությունյան․ - Ուրեմն, էդտեղ քննարկվել են, շատ հարցեր են քննարկվել, և, իհարկե, պետք չէ էսօր անդրադառնալ այդ քննարկումներին, քանի որ դա քննարկումներ են: Որոշում կկայացվի, ես կարծում եմ, մինչև ամսվա վերջ՝ ընդհանրապես, որոշում կկայացվի ընտրություններին մասնակցության ձևաչափի հետ կապված՝ ում հետ ինչպես:
«Ազատություն»․ - Ես Ձեզ ճի՞շտ հասկացա, որ, ըստ էության, որևէ տարբերակ էս պարագայում չի բացառվում՝ հնարավոր է և՛ «Ծառուկյան դաշինքի» հետ, և՛ հնարավոր է Հայ ազգային կոնգրեսի հետ դաշինք կազմած գնաք ընտրությունների:
Գրիգոր Հարությունյան․ - Ուրեմն, որևիցե բան չի կարելի բացառել, որովհետև գնում են քննարկումներ:
Հիշեցնենք՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մոտ տասը տարի է դաշնակցային հարաբերությունների մեջ է Հայ ազգային կոնգրեսի հետ:
«Ազատություն»․ - Հայ ազգային կոնգրեսի հետ նո՞ւյնպես քննարկումներ են ընթանում:
Գրիգոր Հարությունյան․ - Իհարկե:
«Ազատություն»․ - Դաշինքով մասնակցելու․․․
Գրիգոր Հարությունյան․ - Իհարկե: Մենք դաշինքային հարաբերությունների մեջ ենք եղել արդեն շուրջ տասը տարի, և բնականաբար, առաջին հերթին, մենք քննարկումները անում ենք ՀԱԿ կուսակցության հետ: Եղել են, կլինեն էլի: Բայց վերջնական որոշումը՝ ձևաչափի հետ կապված, ես նորից եմ կրկնում՝ մինչև ամսվա վերջը համբերեք:
«Ազատություն»․ - Ես ճի՞շտ եմ հասկանում Ձեզ, որ ոչ միայն ՀԱԿ կուսակցության հետ են քննարկումները, ՀԺԿ-ում միգուցե այդքան է՞լ բավարարված չեն այդ քննարկումներից, հետևաբար՝ այլ ուժերի հետ նո՞ւյնպես քննարկումներ են տանում:
Գրիգոր Հարությունյան․ - Չէ, գիտե՞ք, նորից անդրադառնանք մեր պատգամավորների մոտեցումներին: Նորից կրկնեմ՝ ուրեմն, կարծիքն հետևյալն է, որ լինի լայն դաշինքային մասնակցություն՝ ավելի մեծ ձևաչափով: Մոտեցումը դա է, և ինչպե՞ս կլինի, ի՞նչ որոշման կհանգենք՝ դա, նորից կրկնեմ, մինչև ամսվա վերջ:
«Ազատություն»․ - Լայն ձևաչափով՝ ի՞նչ ի նկատի ունեք, մի փոքր կպարզաբանե՞ք:
Գրիգոր Հարությունյան․ - Լայն ձևաչափ՝ նկատի ունեմ, որ ավելի մեծ դաշինք լինի:
«Ազատություն»․ - Այսինքն՝ և՛ Հայ ազգային կոնգրես, և՛ Ծառուկյան, և՛ ՀԺԿ․․․
Գրիգոր Հարությունյան․ - Չէ, անուններ չտանք որևիցե, ընդհանրապես ճիշտ կլինի, և նաև իմ անձնական կարծիքն է, որպեսզի լինի լայն դաշինք՝ մեծ ձևաչափով: Բայց հենց էնպես չի, որ դաշինք՝ դաշինքի համար: Լինի լուրջ ձևաչափով դաշինք, որպեսզի հնարավոր լինի պայքարել այսօրվա գործող պետական մեքենայի կեղծարարության դեմ՝ ա՛յ սա է, սա կարևոր է:
«Ազատություն»․ - ՀԺԿ-ն բանակցում է միայն այդ երկո՞ւ ուժերի հետ՝ Հայ ազգային կոնգրես և Ծառուկյան․․․
Գրիգոր Հարությունյան․ - Այսօր միայն այդ քննարկումներն են եղել:
«Ազատություն»․ - Եվ որքան հասկացա, մտադիր չեք որևէ այլ ուժի հետ բանակցել, քննարկել:
Գրիգոր Հարությունյան․ - Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, ես կրկնում եմ՝ այսօր եղել է, մենք, իհարկե, ՀԱԿ-ի հետ միշտ հանդիպումների մեջ ենք եղել, բանակցությունների մեջ ենք եղել, էդտեղ խնդիր չկա, բայց կոնկրետ նաև Ծառուկյանի հետ հանդիպում է եղել: Թե ինչ ձևաչափով կլինի, ինչ մոտեցում կլինի՝ դա մի քիչ համբերենք:
«Ազատություն»․ - Իսկ Գագիկ Ծառուկյա՞նը ինչ դիրքորոշում ուներ:
Գրիգոր Հարությունյան․ - Եթե հանդիպում են ունեցել՝ դրական մոտեցում է: Իսկ ընդհանրապես ինքը ի՞նչ որոշում ունի՝ էդ իրենցից պետք է հարցնել: Այսինքն՝ հանդիպումը եղել է, և քննարկվել է ընտրությունների հետ կապված հարց, ավելին ասել ես չեմ կարող Ձեզ:
«Ազատություն»․ - Մտադի՞ր է պարոն Դեմիրճյանը կրկին հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ:
Գրիգոր Հարությունյան․ - Անհրաժեշտություն լինի՝ կհանդիպեն, չի բացառվում: