Երեկ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին ողջունել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրավիճակը տարածաշրջանում կարգավորելու համար:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը անդրադարձել են նաև Սիրիայի խնդրին, քննարկել են ռուս-ամերիկյան համագործակցության ընդլայնումը Սիրիայում զինադադարի ամրապնդման հարցում, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ պայքարում: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ժնևում Սիրիայի գործող կառավարության և ընդդիմության միջև հերթական բանակցություններն անցկացնելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը: Լավրովն ընդգծել է, որ բանակցություններին պետք է ներկայացված լինեն նաև քրդերը:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: