Երևանի քաղաքապետարանը «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժմանն արգելել է վրաններ տեղադրել այսօր Ազատության հրապարակում մեկնարկելիք շուրջօրյա հանրահավաքների ժամանակ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը, քաղաքային իշխանությունները վրան տեղադրելու մասին իրազեկումն ի գիտություն չեն ընդունել՝ պատճառաբանելով, թե Մշակույթի նախարարությունը կարծում է, որ հուշարձանի տարածքում վրան կամ շարժական զուգարան տեղադրելով կարող են վնասել այն:
Ընդդիմադիրներն այս պատճառաբանությունը որակում են անհեթեթ:
«Ասֆալտը չի կարող վնասվել վրանից կամ պլաստիկե կառույցից»,- ասաց Ավետիսյանը՝ միաժամանակ, սակայն, չհստակեցնելով՝ արդյո՞ք կտեղադրեն վրաններ: -«Տեղում պարզ կդառնա՝ կախված հանգամանքներից», - եզրափակեց ընդդիմադիր գործիչը: