Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:
Միասնության երթին մասնակցում են նաև տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ: Այստեղ են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ավելի վաղ երթին մասնակցելու մտադրության մասին է հայտարարել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Փարիզում երթի անցկացման առնչությամբ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռք առնվել, հազարավոր ոստիկաններ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ և զինծառայողներ են վերահսկում իրավիճակը Ֆրանսիայի մայրաքաղաքում: