Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է հայաստանյան դատարանի վճիռը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր մտահոգություն է հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել Ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները:

«Ես մտահոգված եմ, քանի որ դատարանի այս վճիռը կարող է զսպիչ ազդեցություն ունենալ մամուլի վրա և խանգարել հանրային նշանակություն ունեցող թեմաների լուսաբանումը», - ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: «Անհրաժեշտ է ճանաչել տեղեկատվության հրապարակային և մասնավոր աղբյուրների օգտագործման հարցում լրագրողների՝ մասնագիտական գաղտնիքը պահպանելու կարիքը», - հավելել է նա:

ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Դունյա Միյատովիչը նշել է, որ իրենց աղբյուրներին չբացահայտելու՝ լրագրողների իրավունքը հետաքննողական լրագրության առանցքային սկզբունքներից է և ԵԱՀԿ-ի կողմից շարունակաբար ճանաչվել է խոսքի ազատության հիմնարար պահանջներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG