Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 35 տոկոսի համոզմամբ, ԼՂ-ի անկախացումը համապատասխանում է Մոսկվայի շահերին


Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքերթ Մոսկվայում, արխիվ
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքերթ Մոսկվայում, արխիվ

Հարցվածների 44 տոկոսն էլ պնդում է, որ Ռուսաստանը Ղարաբաղում պետք է միջնորդի դեր ստանձնի` փորձելով հաշտեցնել կողմերին:

Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդի` 35 տոկոսի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյությունը կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերին: Այդ են վկայում Մոսկվայում գործող խոշորագույն սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր:

Հարցված ռուսաստանցիների 9 տոկոսի համոզմաբ, իրենց երկրի շահերից է բխում, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ընդգրկվի Հայաստանի կազմում: Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում գտնվելու կողմնակիցների թիվը ռուսաստանցիների շրջանում, ըստ ВЦИОМ-ի հարցման, չի գերազանցում վեց տոկոսը:

Մոսկվացի սոցիոլոգները նաև փորձել են պարզել ռուսաստանցիների տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում: Պարզվում է, որ հարցվածների մեկ քառորդից ավելին` 26 տոկոսը, այսօր էլ համոզված է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Եվս 13 տոկոսի համոզմամբ, Ղարաբաղը Հայաստանի, 11 տոկոսնի կարծիքով էլ՝ Ադրբեջանի մասն է:

Նկատենք, ի դեպ, որ ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մասին ռուսաստանցիների տեղեկացվածության մակարդակը կտրուկ կերպով աճել է: «Եթե 2014 թվականին հարցված ռուսաստանցիների միայն 10 տոկոսն էր ասում, որ քաջածանոթ է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը հասել է 25 տոկոսի»,- նշում են ВЦИОМ-ի մասնագետները, հավելելով` «2014-ին հարցվածների միայն 35 տոկոսն էր նշում, թե որոշակի պատկերացում ունի այս հակամարտության մասին, այժմ արդեն նման կարծիք է հայտնել հետազոտությանը մասնակցած ռուսների 47 տոկոսը: Եթե երկու տարի առաջ ռուսաստանցիների 52 տոկոսը պնդում էր, թե երբեք չի լսել ղարաբաղյան հակամարտության մասին, ապա այժմ` ապրիլյան պատերազմից հետո, այդ ցուցանիշը կրճատվել է շուրջ երկու անգամ` հասնելով 27 տոկոսի»:

ВЦИОМ-ի սոցիոլոգները նաև փորձել են պարզել` ռուսաստանցիների կարծիքով ի՞նչ մոտեցում պետք է որդեգրի Ռուսաստանն այս հակամարտության ընթացքում, կողմերից ո՞ր մեկին է հարկավոր աջակցություն ցուցաբերել: Հարցվածների 4 տոկոսի համոզմամբ, պաշտոնական Մոսկվան պետք է աջակցի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, 2 տոկոսի համոզմաբ էլ` Ադրբեջանին: Հարցման մասնակիցների հարաբերական մեծամասնության` 44 տոկոսի պնդմամբ, Ռուսաստանը Ղարաբաղում պետք է միջնորդի դեր ստանձնի` փորձելով հաշտեցնել երկու կողմերին: Ռուսաստանցիների ևս 36 տոկոսը հակառակն է պնդում՝ Մոսկվան որևէ պարագայում չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը: Ուշագրավ է, ի դեպ, որ Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ վատթարացման ֆոնին Մոսկվայի լիակատար չեզոքության կողմնակցիների թիվը 2014 թվականի համեմատ նվազել է շուրջ 25 տոկոսով:

ВЦИОМ-ի հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 18 տոկոսն ընդհանրապես վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որևէ առնչություն չունի Ռուսաստանի Դաշնության կենսական շահերի հետ: Ուշագրավ է,որ չնայած շփման գծում իրադրության կտրուկ լարմանը` ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը վստահ է` «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով»: Եթե 2014 թվականին այս տեսակետին էին հակված ռուսաստանցիների 57 տոկոսը, ապա ապրիլյան պատերազմից հետո այդ ցուցանիշը հասել է 71 տոկոսի»:

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը սոցիոլոգիական այս հարցումն իրականացրել է ապրիլի 30-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` երկրի բոլոր 9 դաշնային օկրուգների կազմում ընդգրկված թվով 46 մարզերում, երկրամասերում և հանրապետություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG