ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին:
«2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Մինչդեռ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում երեկ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի, և կողմերը մոտ են պայմանավորվածության:
«Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն հատկացնել այդ հարցերին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ չբացելով փակագծերը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին ասել էր, որ իրենք լրջորեն աշխատում են Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա: