Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մերժել է Հայաստանի իշխանությունների առաջարկը


Հայաստան -- Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 14-ը մարտի, 2016թ․
Հայաստան -- Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 14-ը մարտի, 2016թ․

Երևանը կշարունակի ռուսական գազի դիմաց վճարել դոլարով՝ այսօր հայտնեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

«Բանակցությունները ընթանում են զուտ դոլարով գնման մասին: Նման խնդիր [ռուբլով վճարումների մասին] չի քննարկվել», - ասաց Յոլյանը:

Փաստորեն, այդ հարցն անգամ չի քննարկվել, մինչդեռ մոտ կես տարի առաջ՝ անցած սեպտեմբերին, Բելառուսում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց միության անդամ-պետությունների միջև էներգակիրների առևտուրն իրականացնել ռուբլով, ոչ թե դոլարով:

Արժեզրկված դրամի և ռուբլու պայմաններում գազի դիմաց դոլարով վճարելը լրացուցիչ բեռ է հայաստանյան գործարարների համար, որոնք իրենց արտադրանքը իրացնում են դրամով կամ ռուբլով: Ստացած դրամն ու ռուբլին թանկ դոլարի վերածելով՝ հայաստանցի գործարարները ավելի շատ գումար են հատկացնում կապույտ վառելիքին՝ արդյունքում ռուսաստանցի արտադրողի հետ հայտնվելով անհավասար պայմաններում:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, Մոսկվան դժվար թե համաձայնի գազը վաճառել ռուբլով կամ դրամով, որովհետև իր տնտեսության համար դժվարին ժամանակներում արտարժույթի կարիք ունի․ - «Թեկուզ Հայաստանի շուկան շատ փոքր է, բայց տարեկան մոտ 300 միլիոն դոլար գումար է տրամադրում Հայաստանը Ռուսաստանից ստացված գազի դիմաց»:

Լևոն Յոլյանն ուղեկցում էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած շաբաթ կայացած մոսկովյան այցելության ընթացքում: Հենց այդ այցի ընթացքում էր սպասվում, որ նոր փաստաթուղթ կստորագրվի Հայաստան առաքվող գազի գնի վերաբերյալ:

Անցած տարվանից ռուսական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի հետ սահմանին արժե 165 դոլար, սակայն այդ գինը գործում է մինչև այս ապրիլի 1-ը: Հայաստանի իշխանությունները դեռ անցած տարվա նոյեմբերին դիմել էին Կրեմլին՝ գինն իջեցնելու առաջարկով, որովհետև ԵՏՄ անդամ այլ երկրներում գազն ավելի էժան է: Սակայն Սերժ Սարգսյանի մոսկովյան այցելության արդյունքում ոչ միայն չստորագրվեց գազն ավելի էժան վաճառելու մասին պայմանագիր, այլև չերկարաձգվեց 165 դոլարի մասին փաստաթուղթը:

«Բանակցություններն ընթացքում են, համապատասխան աշխատանքներ այդ ուղղությամբ գնում են: Երբ վերջնական պատկերը կլինի՝ միանգամից կտեղեկացնենք մեր հանրությանը ձեր միջոցով», - նշեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ պայմանագիր չկնքվի և Հայաստանը ապրիլի 1-ից 189 դոլար վճարի գազի դիմաց, Յոլյանն արձագանքեց՝ «չեմ կարծում»:

Ինչ վերաբերում է ձգձգման պատճառներին՝ նախարարն ասաց՝ աշխատանքային գործընթաց է, որը ընթանում է:

«Ըստ իս՝ մոտակա ժամանակներս մենք ձեզ կտեղեկացնենք վերջնական լուծումների և պայմանավորվածությունների վերաբերյալ», - ասաց նա:

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից առաջ Հայաստանի իշխանությունները կարծես վստահ էին, որ առնվազն 165 դոլարի մասին փաստաթուղթ իրենց կհաջողվի ստորագրել: Համենայնդեպս, նախագահ Սարգսյանի Ռուսաստան մեկնելու օրը՝ անցած հինգշաբթի, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է: Երբ այսօր Լևոն Յոլյանից հետաքրքրվեցինք՝ եթե նախագիծը պատրաստ էր, ինչո՞ւ այն չստորագրվեց, նորանշանակ նախարարը արձագանքեց․ - «Ես խնդրում եմ նման հարցերով դիմել պարոն Քոչարյանին, եթե ինքն էր համոզված: Ես սպառիչ տեղեկատվություն ձեզ ներկայացրեցի: Նման պրոտոկոլ ստորագրելու խնդիր այս այցի ժամանակ չկար»:

XS
SM
MD
LG