Տեսակամրջի օգնությամբ Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Վալովայան հայտարարեց, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
«ԵՏՄ ներսում ոչ-տարիֆային պատնեշներ դե յուրե չկան: [ԵՏՄ] պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ-տարիֆային պաշտպանության միջոցներ: Միևնույն ժամանակ, մենք բավականին հաճախ ենք հայտնաբերում նման պատնեշներ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կա՛մ պետությունները ամբողջովին, հստակ չեն կատարում որոշումները, կա՛մ ինչ-որ մակարդակում մեզ մոտ հստակ չէ իրավակիրառական պրակիտիկան», - ասաց նա։
Ըստ Վալովայայի, անցած տարի ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանձնարարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել միությունում նման պատնեշների վերաբերյալ, ուր ներկայացված են նաև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն նման պատնեշները վերացնելու համար․ - «Մեզ մոտ կան պատնեշներ, որոնք հստակորեն արգելված են օրենսդրությամբ, և դրանք պետք է վերացվեն: Անցած տարի ԵՏՄ-ում մենք վերացրել ենք մոտ 80 նման պատնեշներ և ակտիվորեն մոնիթորինգ ենք իրականացնում նման պատնեշները հայտնաբերելու նպատակով, որոնք նոր են կամ կրկին են հայտնվել: Ոչ-տարիֆային պատնեշի մի օրինակ բերեմ, որը հստակ կերպով արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը: Նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց: Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում»:
Հայաստանի ֆինանսների նախարարությունը այսօր այդպես էլ չարձագանքեց այս խնդրի շուրջ «Ազատության» հարցմանը:
Պողոս Օղլուկյանը, ով զբաղվում է Հայաստան ավտոմեքենաների ներկրմամբ ու վաճառքով, այսօր «Ազատությանը» պատմեց, թե ինչ վճարներ է կատարում Հայաստանում, երբ, օրինակ, Ռուսաստանից ավտոմեքենա է ներմուծում․ - «Արվում ա 20 տոկոս Էն-Դե-Էսը (ԱԱՀ) և բնապահպանության համար տարեկան երկու տոկոս»:
Գործարարը մանրամասնեց՝ ԵՏՄ կազմում չգտնվող Վրաստանից, օրինակ, տասը տարեկան ավտոմեքենա ներմուծելիս որպես մաքսատուրք վճարում է ավտոմեքենայի գնի 32 տոկոսը, և այդ վճարի մեջ մտնում են նաև ավելացված արժեքի հարկն ու բնապահպանական վճարը:
Նույն տասը տարեկան ավտոմեքենան ԵՏՄ կազմում գտնվող Ռուսաստանից ներմուծելիս գործարարը վճարում է 30 տոկոս՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս բնապահպանական վճար՝ 5 տարվանից ավելի շահագործվող ավտոմեքենայի յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոս․ - «Մենք ինչի՞ համար մտանք այդ տնտեսական միության մեջ: Որպեսզի որոշակի բաներ մեզ մոտ թեթևանա, մարդկանց հոգսերը թեթևանա: Եթե նույն բանն ա, ինձ ավելի հարմար ա գնամ 200 կիլոմետր, Վրաստանից բերեմ, քան գնամ-հասնեմ Ռուսաստան»:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն է՛լ ավելի խիստ էր․ - «Փաստորեն մենք խաբված ենք: Եթե տենց հայտարարություն կա, ուրեմն մենք բոլոր ավտոներկրողներով խաբված ենք»: